Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին միջնորդագիր է ներկայացրել «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելուն և ազատությունից զրկելուն համաձայնություն տալու մասին։
Միջնորդության մեջ նշվում է, որ դատախազությունը մարտի 18-ին ԱԱԾ-ից հաղորդում էր ստացել այն մասին, որ Վազգեն Գալստանյանը (Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան-խմբ․), Արթուր Սարգսյանը, Մովսես Շարբաթյանը, Հայկ Շահնազարյանը, Տիգրան Թոփալյանը, Իգոր Սարգսյանը և ուրիշներ 2024 թվականի հուլիսից մինչև 2025 թվականի մարտի 14-ը նախապատրաստել են ահաբեկչություն և իշխանության յուրացում։
Պատգամավորի նկատմամբ հանրային քրեական հետապնդում էր հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 43-308-րդ հոդվածի 1-ին մասով (ահաբեկչության նախապատրաստությունը, առավելագույն պատիժը՝ 12 տարվա ազատազրկում) և 4-419-րդ հոդվածի 1-ին մասով (իշխանությունը յուրացնելը, առավելագույն պատիժը՝ 15 տարվա ազատազրկում)։
«Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ Գալստանյանը և նրա ևս 14 աջակիցներ հունիսի 26-ին կալանավորվել էին ահաբեկչության և իշխանությունը յուրացնելու նախապատրաստություն կատարելու մեղադրանքով: Նրանք մեղքը չեն ընդունում: