Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ) համաձայնություն է տվել «ՋիԷնՍի-Ալֆա» ՓԲԸ-ի կանոնադրական կապիտալի 100% բաժնեմասը «Վիվա Արմենիա» ՓԲԸ-ին վաճառելուն։ Հանձնաժողովն այս որոշումը կայացրել է հուլիսի 2-ի նիստում։
«ՋիԷնՍի-Ալֆա»-ն ներկայացնում է OVIO ապրանքանիշը Հայաստանում։ Հնարավոր գործարքի ավարտի համար սահմանվել է վեցամսյա ժամկետ՝ սկսած հանձնաժողովի որոշման ուժի մեջ մտնելու պահից։
OVIO-ն Հայաստանի հեռահաղորդակցության ոլորտի առաջատար օպերատորներից մեկն է։ 2012 թվականից ի վեր այն մատուցում է լայնաշերտ ինտերնետ, թվային հեռուստատեսություն, առցանց կինոթատրոն, ֆիքսված հեռախոսակապ։ OVIO-ն սպասարկում է Ռուսաստանին և Եվրոպային տանող երեք միջազգային կապի գծեր, որոնք ֆիզիկապես և աշխարհագրորեն առանձնացված են, ինչը երաշխավորում է մատուցվող հուսալիությունը և անխափան ծառայությունը։
2023 թվականի մարտին ընկերությունը մեկնարկել էր Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում Հայաստանի ամենամեծ և ամենահզոր տվյալների մշակման կենտրոնի ստեղծման նախագիծը, որն առևտրային շահագործման էր հանձնվել 2024 թվականի մայիսին։