Շիրակի մարզի Մայիսյան գյուղում գործող «Գեղեցիկ վարդեր» ջերմոցային տնտեսությունը փակման եզրին է հայտնվել դեպի Ռուսաստան արտահանման խոչընդոտների, տեղական թույլ պահանջարկի և կարկտահարության հետևանքների պատճառով, The Armenian Weekly-ին հայտնել է ձեռնարկության սեփականատեր Արտակ Հարությունյանը։
Նրա փոխանցմամբ՝ նախորդ տարվա արտահանման երկամսյա դադարեցման պատճառով տնտեսության պարտքը 40 միլիոնից հասել է 70 միլիոն դրամի։ Ներկայումս բերքի մի մասըն ստիպված են լինում դեն նետել, իսկ մի մասը՝ անվճար բաժանել բնակիչներին։
«Ռոսսելխոզնադզորը» մայիսի 22-ից սահմանափակել է Հայաստանից ծաղիկների ներմուծումը։ ՀՀ իշխանությունները հայտարարում են նոր շուկաների փնտրտուքի մասին․ 11 000 հայկական ծաղիկներից բաղկացած փորձնական խմբաքանակն արդեն ուղարկվել է Լիտվա։ Եվրոպական միությունը խոստացել է Հայաստանին տրամադրել 50 միլիոն եվրո՝ ճգնաժամը հաղթահարելու համար։
Յոթ տարի առաջ հիմնադրված ընկերությունը 10 անձից բաղկացած երկու ընտանիքի ապրուստի միակ աղբյուրն է և աշխատանքով է ապահովում 9-ը համագյուղացու։
Հարությունյանի խոսքով՝ 5500 քմ մակերեսով ջերմոցային տնտեսություն ստեղծելն արժեցել է մոտ 80 մլն դրամ վարկ: Սկզբում ջերմոցում բանջարեղեն է մշակվել, հետո՝ հոլանդական վարդեր, որոնք ավիափոխադրումներով արտահանվել են Ռուսաստան։
Հղում անելով ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (FAO) և միջազգային վերլուծական կենտրոնների տվյալներին՝ լրատվականը գրել է, որ Հայաստանի ջերմոցային ոլորտում վերջին տասնամյակում արձանագրված կայուն աճն ու ծաղկի բիզնեսի կայունությունն ապահովվում էին հիմնականում դեպի Ռուսաստան արտահանմամբ, որին ԵԱՏՄ արտոնությունների և պարզեցված լոգիստիկայի շնորհիվ բաժին էր ընկնում շուկայի 80-90%-ը։
Սակայն Վերին Լարսի անցակետում ռուսական կողմի պարբերական սահմանափակումները՝ պայմանավորված սանիտարական խիստ պահանջներով կամ քաղաքական նկատառումներով, կաթվածահար են արել ոլորտը։
Մեկնաբանելով կառավարոգթյան կողմից ծաղիկների սուբսոդավորումը՝ Հարությունյանը նշել է, որ կառավարության աջակցության միջոցառումները կտրված են գործնական իրականությունից:
«Ասում են՝ սուբսիդիա ենք տալիս Ֆրանսիա ծաղիկ արտահանելու համար: Բայց ես որտե՞ղ գտնեմ այդ շուկան: Նույնիսկ եթե մաքսատուրքը փոխհատուցեն, միայն օդային ճանապարհով Եվրոպա 1 կգ ուղարկելն արժե 7 դոլար: Դա ի՞նչ է նշանակում, անվճար քաղե՞մ, ուղարկե՞մ, հետո իմ ջեբի՞ց հսկայական լոգիստիկ ծախսեր անեմ: Դա փոքր բիզնեսի ուժերից վեր է»,- ասել է Հարությունյանը։
Տնտեսվարողն ընդգծել է, որ ձմռան ամիսներին ջերմոցը պահպանելու համար ընտանիքը միայն գազի համար կուտակել է շուրջ 20 մլն դրամի պարտք՝ գրավադրելով սեփական ոսկյա իրերը։ Իսկ այսօր 80-90 սմ երկարությամբ 20 հատ բարձրորակ վարդից կազմված փունջը մեծածախ շուկայում հնարավոր չէ վաճառել անգամ 1000 դրամով, ինչը չի ծածկում անգամ աշխատուժի կամ փաթեթավորման թղթի ծախսերը, հայտնել է պարբերականը։
Այժմ ջերմոցատերը ունի ամսական 2 մլն դրամ վարկային մարումների պարտավորություն և բանկերի կողմից գույքի բռնագանձումից խուսափելու համար այլ ելք չի տեսնում, քան 2017 թվականին ձեռք բերված սեփական 3-սենյականոց բնակարանը վաճառելը:
«Հիմա տունս կվաճառեմ, որ միայն վարկերս փակեմ ու մտածեմ ուրիշ բիզնեսի մասին, ուրիշ տարբերակ չկա»,- ասել է նա:
Տնտեսվարողը պետությունից ֆինանսական աջակցություն չի խնդրում:
Նրա միակ ակնկալիքը գործուն աջակցությունն է, որը կկանխի բիզնեսի փլուզումը։ Շուկաներ գտնելու աջակցություն՝ պետական մակարդակով մթերման կամ հավաքագրման կենտրոնների ստեղծում, որպեսզի տնտեսվարողը մենակ չմնա թանկարժեք միջազգային լոգիստիկայի և շուկաների փնտրտուքի առջև: Վարկային արձակուրդներ՝ բանկային բարձր տոկոսադրույքների վերանայում և մարումների ժամանակավոր սառեցում մինչև արտահանման ուղիների հստակեցումը:
Նա մաև պատմել է որ իր ջերմոցը հունիսի 19-ի կարկուտից էլ է տուժել և չնայած նրան, որ ներկայացրել է դիմումներն ու վնասն արձանագրող լուսանկարները, սակայն դեռևս աջակցություն չի ստացել:
Նա ընդգծել է, որ առանց պետական աջակցության ջերմոցային տնտեսությունը կփակվի, ինչը նման բիզնեսների համար ի վերջո կարող է արտագաղթի պատճառ դառնալ:
[23.07.2026 11:33] Anush Movsisyan: Հղում անելով ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (UNDP) և այլ միջազգային կազմակերպությունների զեկույցներին, լրատվամիջոցը գրել է, որ հայկական գյուղատնտեսությունը խոցելի է դարձել ոչ միայն արտաքին շուկայի ցնցումների, այլև կլիմայական անկանխատեսելիության նկատմամբ: Նշվում է, որ ապահովագրական համակարգի թերի զարգացածությունը և աղետների կառավարման դանդաղ մեխանիզմները ռիսկի տակ են դնում փոքր ու միջին ձեռնարկությունները:
Դրա վառ օրինակն է հունիսի 19-ին տեղացած կարկուտը, որը ջարդել է ջերմոցի կառուցվածքն ու ապակիները։ Տնտեսությունն այն վերականգնելու միջոցներ պարզապես չունի, փոխանցել է պարբերականը։
Ջերմոցից ստացված եկամտով ապրում է երկու ընտանիք՝ 10 անձ, այդ թվում՝ 3 երեխա: Հարությունյանի եղբայրն առողջական լուրջ խնդիրներ ունի, ինչի պատճառով Արտակը ընտանիքի միակ կերակրողն է: Բացի այդ, նրա երեխաներից մեկը սովորում է Երևանի պետական բժշկական համալսարանում, ինչը պահանջում է ուսման զգալի վարձավճար և բնակարանի վարձակալություն, փոխանցել է լրատվամիջոցը։





































