Քննչական կոմիտեն Armenia Today-ին մանրամասնել է «Տաշիր գրուպի» գլխավոր գրասենյակում իրականացվող խուզարկությունների հիմքերը։
ՔԿ մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանի տեղեկացմամբ՝ անհետաձգելի գործողությունների պատճառն «առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման և առանձնապես խոշոր չափերով հարկերը, տուրքերը կամ այլ վճարներ չվճարելու հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն է»։
Գործը նախաքննվում է տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում։
Armenia Today-ն այսօր հայտնել էր, որ իրավապահները խուզարկություններ են իրականացնում «Տաշիր գրուպի» գլխավոր գրասենյակում։
Հունիսի 19-ին դատարանը երկու ամսով կալանավորել էր Կարապետյանին իշխանությունը զավթելու կոչեր անելու մեղադրանքով, երբ նա քննադատել էր Ամենայն Հայոց կաթողիկոսի և հոգևորականների դեմ Հայաստանի իշխանությունների արշավը: Փաշինյանը խիստ էր արձագանքել Կարապետյանի հայտարարությանը: Գործարարը չի ընդունում մեղադրանքը և մտադիր է բողոքարկել այն եվրոպական դատարանում:
Կարապետյանի ընտանիքը հունիսի 30-ին ՀՀ պետական մարմիններին պաշտոնապես ծանուցել էր ներդրումային վեճ սկսելու մասին: Նշվել է, որ Կարապետյանների ընտանիքը պահանջներ է ներկայացրել Կարապետյանի և նրա բիզնեսի դեմ վարչապետի կողմից սկսված արշավի պատճառով, որը հաջորդել էր գործարարի հարցազրույցին: