Սվերդլովսկի «Ադրբեջան-Ուրալ» տարածաշրջանային հասարակական ազգային-մշակութային կազմակերպության նախագահ Շահին Շիխլինսկին ձերբակալվել է, հայտնում է «Ինտերֆաքս»-ը՝ հղում անելով իրավապահ մարմիններին:
Համայնքի փոխնախագահ Մութվալա Շիխլինսկու խոսքով՝ ձերբակալելուց հետո նրան «տարել են Քննչական կոմիտե»։ Նշվում է, որ ավելի վաղ համայնքի ղեկավարին հարցաքննել էին 2001-2011թթ. սպանությունների քրեական գործով:
Վորոնեժում ձերբակալել են նաև ադրբեջանցի, տարածաշրջանում խոշորագույն Ալեքսեևյան շուկայի համասեփականատեր Յուսիֆ Խալիլովին, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:
Ադրբեջանի ՆԳՆ-ն, իր հերթին, տեղեկացրել էր Բաքվում Ռուսաստանի 8 քաղաքացիների ձերբակալության մասին: Նշվում է, որ նրանք «հանցավոր խմբավորումների կազմում էին, կասկածվում են Իրանից թմրանյութերի տարանցման, դրանց առցանց շրջանառության և կիբեռհանցագործության մեջ»:
Երկու երկրներում այս գործողությունները տեղի են ունենում Եկատերինբուրգում ադրբեջանցիների ձերբակալությունից հետո Մոսկվայի և Բաքվի հարաբերությունների վատթարացման ֆոնին: Ադրբեջանի ԱԳՆ-ն միջադեպի կապակցությամբ բողոքի նոտա էր հանձնել Ռուսաստանին: Գերատեսչությունը հայտնել էր երկու հայրենակիցների զոհվելու և մյուսների՝ լուրջ վիրավորվելու մասին։ Ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնել էին ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի Բաքու այցի, ինչպես նաև մի շարք մշակութային միջոցառումների չեղարկման մասին:
Հունիսի 30-ին Ադրբեջանի ՆԳՆ աշխատակիցները խուզարկություններ և ձերբակալություններ էին իրականացրել «Sputnik Ադրբեջան»-ի գրասենյակում: Գերատեսչությունից պնդել էին, որ ձերբակալված լրագրողներն «իրականում ՌԴ ԱԴԾ գործակալներ են և պարբերականում աշխատել են քողարկված», որից հետո Ռուսաստանի ԱԳՆ-ն Մոսկվայում Ադրբեջանի դեսպանին նոտա էր հանձնել՝ Բաքվում ձերբակալված ռուս լրագրողներ Իգոր Կարտավիխին և Եվգենի Բելոուսովին ազատ արձակելու պահանջով: