Ադրբեջանի իշխանությունները չեղարկել են հունիսի վերջին նախատեսված Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի այցը Բաքու, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ հղում անելով աղբյուրներին:
Նրանց տեղեկություններով՝ այցը չեղարկվել է Եկատերինբուրգում տեղի ունեցած իրադարձությունների պատճառով։ Նշվում է, որ ստեղծված իրավիճակում ադրբեջանական կողմը «նպատակահարմար չի համարում Օվերչուկի կամ Ռուսաստանի որևէ այլ պաշտոնյայի այցը երկիր»:
Հունիսի 28-ին Ադրբեջանի ԱԳՆ-ն բողոք էր հայտնել Ռուսաստանին Եկատերինբուրգում տեղի ունեցած ռեյդերի պատճառով, որտեղ 9 ադրբեջանցի է ձերբակալվել: Գերատեսչությունը հայտնել էր երկու հայրենակիցների զոհվելու և 9 անձի՝ մարմնական լուրջ վնասվածքներ ստանալու մասին։ Ռուսաստանի Քննչական կոմիտեից և ՆԳՆ-ից հայտնել էին, որ ձերբակալություններն իրականացվել են նախկինում հարուցված քրեական գործերի հետաքննության շրջանակներում: