Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը հուլիսի 27-ին ԱԳՆ է հրավիրել Ռուսաստանի գործերի ժամանակավոր հավատարմատար Պյոտր Վոլոկովին, նրան բողոք է ներկայացվել։ Պատճառը «Եկատերինբուրգում ադրբեջանցիների վրա կատարված հարձակումներն են», հայտնել է Ադրբեջանի ԱԳՆ-ն։
Պաշտոնական Բաքուն պնդում է, որ երկու ադրբեջանցի սպանվել է, մի քանիսը ծանր մարմնական վնասվածքներ են ստացել, ևս ինը մարդ ձերբակալվել է։
Արտաքին գործերի նախարարության տարածած հաղորդագրությունում նշվում է․ «Ռուսական կողմին ներկայացվել է կտրուկ բողոք՝ կապված ՌԴ անվտանգության ուժերի կողմից մեր հայրենակիցների բնակարաններում իրականացված գրոհների հետ։ Հստակեցվել է մեր ակնկալիքը՝ հարցի անհապաղ հետաքննության և բռնություն գործադրած բոլոր անձանց շուտափույթ քրեական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ»։
Ռուսաստանի քննչական կոմիտեի և ՆԳՆ-ի հայտարարության համաձայն՝ Եկատերինբուրգում տեղի ունեցած գործողությունները տեղի են ունեցել «համալիր միջոցառումների»՝ նախկին տարիներին հարուցված քրեական գործերի շրջանակում։ Ռուսաստանի իրավապահ մարմինները չեն հայտնել ձերբակալվածների քանակի մասին և չեն անդրադարձել մահվան դեպքերին։
Եկատերինբուրգի E1.ru պորտալը հայտնել է, որ երբ ոստիկաններն ու հատուկջոկատայիններն այցելել են բնակարան, բնակիչներից մեկի ինքնազգացողությունը կտրուկ վատացել է սրտի հետ կապված խնդիրների պատճառով, և նրան փրկել չի հաջողվել։






































