Ադրբեջանի ԱԳՆ-ն հերքել է Իրանի դեսպան Մեհդի Սոբհանիի այն հայտարարությունները, որ Ադրբեջանի տարածքն օգտագործվում է Իրանի դեմ հարձակման համար։
Բաքուն դեսպանի խոսքերը «չհիմնավորված» և «սադրիչ» է անվանել։ Ըստ Բաքվի՝ «այդ պնդումները վնասում են ադրբեջանա-իրանական հարաբերություններին, որոնք հիմնված են տարածքային ամբողջականության և ինքնիշխանության փոխադարձ հարգանքի, ներքին գործերին չմիջամտելու վրա»։
Բացի դրանից, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, ընդունելով Բաքվում Իրանի նոր դեսպան Մոջթաբա Դեմիրչիլի հավատարմագրերը, հայտարարել է, որ «որոշ շրջանակներ և լրատվամիջոցների ներկայացուցիչներ տարածում են լուրեր և ստի վրա հիմնված տեղեկատվություն՝ նպատակ ունենալով վնասել ադրբեջանա-իրանական հարաբերություններին»:
Այսօր ավելի վաղ Սոբհանին հայտնել էր, որ Իրանը տեղեկություն է ստացել, որ փոքր քանակությամբ ԱԹՍ-ներ Իրանի տարածք են մտել հարևան երկրների տարածքով։ Նա հավելել էր, որ հետախուզական տվյալների հիման վրա դիմել են Ադրբեջանին: Ըստ դեսպանի՝ «հնարավոր ու հավանական է, որ թշնամի սիոնիստական ռեժիմն այդ հարևան երկրի տարածքից օգտված լինի»:
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանն ադրբեջանցի պաշտոնակից Իլհամ Ալիևին հունիսի 26-ի հեռախոսազրույցի ժամանակ հայտնել էր Իրանի և Իսրայելի հակամարտության ընթացքում Ադրբեջանի տարածքում իսրայելական անօդաչու թռչող սարքերի թռիչքի մասին հաղորդագրություններն ստուգելու անհրաժեշտության մասին: Զրույցի ընթացքում այս հարցին «հատուկ ուշադրություն էր դարձվել»:






































