ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերով քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում որոշում է կայացվել ՀԱԵ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի (Գևորգ Արտաշեսի Աջապահյան) նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին, հայտնում է ԱԱԾ-ն։
Քրհետապնդումը, ըստ հաղորդագրության, հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով՝ հանրային քրեական հետապնդում այն բանի համար, որ նա զանգվածային լրատվամիջոցների, տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործմամբ, իշխանությունը զավթելուն և սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչեր է կատարել:
ԱԱԾ-ն տեղեկացնում է, որ հունիսի 27-ին որոշում է կայացվել ազատության մեջ գտնվող «մեղադրյալ» Աջապահյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու նպատակով դատարան ներկայացնելու համար ձերբակալելու մասին: Որոշման իրագործումը հանձնարարվել է ՀՀ ազգային անվտանգության ծառայությանը։
«ՀՀ ԱԱԾ-ն բոլոր քաղաքացիներին հորդորում է զերծ մնալ իրավիճակը լարելուց, չխոչընդոտել իրավապահ մարմինների օրինական որոշումների իրագործմանը: Աջապահյանին կոչ ենք անում չթաքնվել իրավապահ մարմիններից և ներկայանալ իրեն սպասող Ազգային անվտանգության ծառայության օպերատիվ խմբին»,- ասվում է հաղորդագրությունում։
Հունիսի 27-ի առավոտյան փաստաբան Միհրան Պողոսյանը տեղեկացրել էր, որ 30 դիմակավորված անձ ներխուժել է Շիրակի թեմի առաջնորդարան։ Ավելի ուշ Աջապահյանի փաստաբան Թամարա Յայլոյանը հայտներ էր, որ իրեն թույլ չեն տվել ներկա գտնվել առաջնորդարանում տեղի ունեցող խուզարկությանը։
Հունիսի 26-ին հայտնի էր դարձել, որ Աջապահյանի նկատմամբ հունիսի 17-ին քրեական վարույթ էր նախաձեռնվել Քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով (Իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը, որը պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը 5 տարի ժամկետով)։
Հունիսի 25-ին ԱԱԾ-ն խուզարկություններ էր իրականացրել «Սրբազան պայքար» շարժման աջակիցների բնակարաններում իշխանության զավթման փորձի շուրջ քրեական գործի շրջանակում։ Այն հարուցվել էր Civic.am կայքի հրապարակած փաստաթղթի հիման վրա, որն, ըստ կայքի, «Հեղաշրջման պլան» էր։ Քննչական կոմիտեն հայտնել էր գործողությունների մասին։
Իրավապահներն, ընդհանուր առմամբ, 17 անձի նկատմամբ կալանքի միջնորդություն էին ներկայացրել դատարան։ Նրանցից 15-ի նկատմամբ դատարանը կիրառել էր կալանք՝ երկու ամիս ժամկետով։ Կանալավորվածների թվում է «Սրբազան շարժման» առաջնորդ Բագրատ Գալստանյանը։