ԱՄՆ հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆը և Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին Իրան-Իսրայել հակամարտության սրման ֆոնին մի քանի անգամ հեռախոսով խոսել են՝ փորձելով գտնել դիվանագիտական ելք ճգնաժամից, հայտնում է Reuters-ը՝ հղում անելով երեք դիվանագետի:
Նրանց խոսքով՝ Արաղչին հայտարարել է, որ Թեհրանը չի վերադառնա բանակցություններին, եթե Իսրայելը չդադարեցնի հարձակումները։
Ըստ դիվանագետների՝ բանակցությունները ներառել են մայիսի վերջին Իրանին փոխանցված ԱՄՆ առաջարկի կարճ քննարկումը, որն ուղղված է Իրանի սահմաններից դուրս ուրանի հարստացման տարածաշրջանային կոնսորցիումի ստեղծմանը՝ առաջարկ, որը Թեհրանը մինչ օրս մերժել է: Արաղչին Ուիտկոֆին ասել է, որ Թեհրանը «կարող է ճկունություն ցուցաբերել միջուկային հարցում», եթե Վաշինգտոնը ճնշում գործադրի Իսրայելի վրա, որպեսզի վերջինս դադարեցնի պատերազմը:
Յոթերորդ օրն է՝ շարունակվում են ռազմական գործողությունները Իրանի և Իսրայելի միջև: Առաջին հարվածը հասցրել էին Իսրայելի ռազմաօդային ուժերը հունիսի 13-ի գիշերը՝ թիրախավորելով Իրանի ռազմական և արդյունաբերական օբյեկտները, որից հետո կողմերն ամեն օր փոխանակվում են հրթիռային հարվածներով, որոնք մարդկային զոհերի ու ավերածությունների պատճառ են դարձել։
ՀՀ ԱԳՆ-ն դատապարտել էր Իսրայելի միակողմանի հարձակումն Իրանի վրա։