Հայաստան-Իրան սահմանային անցակետից փոքր և միջին չափի ավտոբուսները ստանդարտ գնով մարդկանց տեղափոխում են Երևան, «Արմենպրես»-ին հայտնել է Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը:
Նրա խոսքով՝ որոշումը կայացվել է, երբ տաքսի ծառայություններն Իրանից Հայաստան ժամանածներից անարդարացի բարձր վճար էին պահանջել:
«Ձևավորվել էր արհեստական գնագոյացում, ինչն անթույլատրելի էր: Հետևաբար, մեր գործընկերների հետ քննարկելով, որոշեցինք, որ կլինեն փոքր և միջին ավտոբուսներ, որոնք արդեն իսկ գործում են: Ավտոբուսներն արդեն մաքսատանն են, դրանց վրա պարսկերենով գրված է, որ մեկ նստատեղն արժե շուրջ 12 000 դրամ: Մարդիկ կարող են նստել ու տեղափոխվել Երևան»,- ասել է Ղուկասյանը:
Նա հավելել է, որ անցակետում մինչ այս պահը մարդկային կուտակումներ չկան, սահմանը հատող մարդկանց հոսքը սովորական ծավալի է:
Մարզպետը պարզաբանել է, որ սահմանը հատողների թվում են նաև մարդիկ, ովքեր աշխատանքով Իրանում էին ու հետո պետք է վերադառնային իրենց երկրներ: Քանի որ Իրանի օդային տարածքը փակ է, նրանք ցամաքային ճանապարհով՝ Հայաստանով պետք է մեկնեն. անցակետից հասնեն «Զվարթնոց» օդանավակայան, ապա այնտեղից ուղևորվեն իրենց երկրներ:
Յոթերորդ օրն է՝ շարունակվում են ռազմական գործողությունները Իրանի և Իսրայելի միջև: Առաջին հարվածը հասցրել էին Իսրայելի ռազմաօդային ուժերը հունիսի 13-ի գիշերը՝ թիրախավորելով Իրանի ռազմական և արդյունաբերական օբյեկտները, որից հետո կողմերն ամեն օր փոխանակվում են հրթիռային հարվածներով, որոնք մարդկային զոհերի ու ավերածությունների պատճառ են դարձել։
ՀՀ ԱԳՆ-ն դատապարտել էր Իսրայելի միակողմանի հարձակումն Իրանի վրա։