Բանգկոկի TL Boxing Promotion մրցաշարի գլխավոր մենամարտում WBU վարկածով աշխարհի չեմպիոն Յուրի Սաքունցը 2-րդ ռաունդում տեխնիկական նոկաուտով նվաճել է WBC Asia Middleweight գոտին՝ պարտության մատնելով Թաիլանդի ներկայացուցիչ Պադյոդ Կիադչարոենսիրիին, հայտնել է Սաքունցի մամուլի ծառայությունը։
Ըստ հրապարակման՝ Սաքունցը լիովին վերահսկել է մենամարտի ընթացքը՝ անընդհատ ճնշում գործադրելով մրցակցի վրա և դիպուկ, ծանր հարվածներ հասցնելով։
«Երկրորդ ռաունդում նա որսաց պահը և վերևից ներքև իջնող ուժգին աջակողմյան աղեղաձև հարվածով խոցեց մրցակցին, ինչից հետո մրցավարն անհապաղ դադարեցրեց մենամարտը՝ պաշտպանելով նրան հնարավոր հավելյալ վնասվածքներից»,- նշված է հաղորդագրության մեջ։
Մայիսի 5-ին Սաքունցը Թաիլանդի մայրաքաղաք Բանգկոկում կայացած պրոֆեսիոնալ մենամարտի առաջին ռաունդում նոկաուտի էր ենթարկել թաիլանդացի մրցակից Ափհիսիթ Նուալեին։
Փետրվարին Սաքունցը Չեխիայում հաղթանակ էր տարել չեխ բռնցքամարտիկ, Չեխիայի բազմակի չեմպիոն, աշխարհի և Եվրոպայի առաջնությունների մասնակից Միրոսլավ Շչերբանի նկատմամբ՝ նվաճելով GBC վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսը։ 2024 թվականի նոյեմբերին նա Չեխիայի բռնցքամարտի առաջանությունում հաղթել էր թուրք մրցակից Ռիչարդ Ալկանին՝ նվաճելով չեմպիոնական գոտին։