Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանի հրաժարականը կապել է ոստիկանության ուժերի բարեփոխման նորացված հեռանկարի և մոտեցման անհրաժեշտության հետ։
Սարգսյանի խոսքով՝ կադրային փոփոխության կարիք կար, որը կօգներ ոստիկանության ոլորտի բարեփոխումներն արդյունավետ մեթոդներով իրականացնելու և առաջ գնալու։
«ՆԳՆ-ում իմ նշամակումից հետո կադրային տարբեր փոփոխություններ են տեղի ունեցել, ինչը բնական է, արհեստական որևէ բան չկա։ Կադրային փոփոխությունները գալիս են օգնելու, որ նոր հայացքով ու նոր մոտեցմամբ նայենք հարցերին, որոնց կարող էինք տարիներով մեկ այլ հայացքով նայել բնականորեն»,- շեշտել է նախարարը։
Նախարարը նշել է, որ կադրային փոփոխությունները բնական գործընթաց են։
«Որևէ պաշտոնատար անձ հավերժ չէ․ մի օր կարող է նշանակվել, իսկ հետագայում ազատվել, հետո էլ կարող է զբաղեցնել մեկ այլ պաշտոն»,- ասել է Սարգսյանը՝ պարզաբանելով ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանի՝ պաշտոնից ազատման պատճառները։
Նա հորդորել է ազատման մեջ որևէ միտում չփնտրել։
«Պետք չէ փնտրել ինտրիգներ, միջանձնային տարբեր հարցեր ու այլ հիմնավորումներ»,- ընդգծել է Սարգսյանը։
Փաշինյանի՝ 2024թ. դեկտեմբերի 10-ի որոշմամբ՝ Հովհաննիսյանը վերանշանակվել էր ՆԳՆ ոստիկանության պետ-Ներքին գործերի նախարարի տեղակալ։ ՀՀ ոստիկանապետ էր նշանակվել Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը։