ՀՀ ՆԳՆ-ն հայտնել է Երևանի Հաղթանակ թաղամասում տեղի ունեցած միջադեպի մի շարք հանգամանքներ։
Մասնավորապես, մայիսի 30-ին՝ ժամը 22:34-ին, ՆԳՆ ոստիկանություն «Աստղիկ» բժշկական կենտրոնից հաղորդել են, որ պատռված վերքով բուժօգնության է դիմել Երևանի Հաղթանակ թաղամասում բնակվող 32-ամյա տղամարդ:
Իրավապահները պարզել են, որ շանը վրաերթի ենթարկելու հարցի շուրջ մի խումբ անձինք, այդ թվում՝ հիվանդանոց դիմած տղամարդը, Երևանի Հաղթանակ թաղամասում պարզաբանումներ են արել, որը վերածվել է ծեծկռտուքի:
«Միջադեպի մասնակիցներն ավտոմեքենաներով հետապնդել են իրար: Այդ ընթացքում մասնակիցներից մեկը BMW մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել 42-ամյա Անի Խ.-ին և նրա 2-ամյա որդուն»,- հայտնում է գերատեսչությունը:
Ըստ հաղորդագրության՝ վրաերթի հետևանքով 42-ամյա կինը մահացել է, իսկ որդին հոսպիտալացվել է: Ոստիկանները շարունակում են աշխատել դեպքի բոլոր հանգամանքները, այդ թվում՝ BMW վարած անձի ինքնությունը պարզելու ուղղությամբ: