Դաշնային դատարանն արգելափակել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի որոշումը՝ արգելել Հարվարդի համալսարանին ընդունել արտասահմանցի ուսանողների, հայտնում է Associated Press գործակալությունը։
Գործակալության տեղեկություններով՝ ժամանակավոր դատական արգելքը կառավարությանը թույլ չի տալիս զրկել Հարվարդին հավաստագրումից, որի շնորհիվ բուհը կարող է ԱՄՆ-ում սովորելու համար ընդունել արտասահմանցի ուսանողների։
Մայիսի 22-ին Թրամփի վարչակազմն արգելել էր Հարվարդի համալսարանին օտարերկրյա ուսանողներ ընդունել: «Հարվարդն այլևս իրավունք չունի ընդունելու արտասահմանցի ուսանողների, իսկ ներկայումս սովորող օտարերկրյա ուսանողները պետք է տեղափոխվեն այլ հաստատություններ կամ կկորցնեն իրենց օրինական կարգավիճակը»,- ասված էր ԱՄՆ ներքին անվտանգության քարտուղարության հայտարարության մեջ։