Հայաստանի քննչական կոմիտեն չի իրականացնում հաշվառումներ այն մասին, թե Արցախի քանի (նախկին) համայնքապետ կամ քաղաքապետ է որպես մեղադրյալ անցնում քրեական գործերով, քանիսը՝ որպես վկա: Այս մասին Armenia Today-ին հայտնել են ՔԿ-ից՝ ի պատասխան մեր գրավոր հարցման:
«Հայցվող տեղեկատվության վերաբերյալ համապատասխան հաշվառումներ Քննչական կոմիտեում չեն իրականացվում»,- ասված է իրավապահ կառույցի պատասխանում:
2024թ. մայիսին ձերբակալվել, ապա կալանավորվել էր Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանը՝ Բագրատ Գալստանյանի հետ Արցախի համայնքապետերի հանդիպումից անմիջապես հետո։ Նա շուրջ 7 ամիս մեղադրվում էր Արցախից բերված մի քանի մեքենա խարդախությամբ հափշտակելու համար։ Նույն թվականի դեկտեմբերին ՔԿ-ն վերացրել էր մեղադրանքը, սակայն Սարգսյանին և ավագանու անդամներին նույն արարքի համար առաջադրվել էր մեկ այլ մեղադրանք՝ «ինքնիրավչություն»։ Սարգսյանի խափանման միջոց էր սահմանվել չբացակայելու արգելքը:
Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հայտարարել էր, որ Սարգսյանի նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում՝ նրա կողմից Բագրատ Սրբազանի շարժմանն աջակցելու հետ կապված։
Ստեփանակերտի քաղաքապետից բացի նույնանման մեղադրանքներ էին առաջադրվել նաև Ասկերանի ու Մարտակերտի քաղաքապետերին: Ասկերանի ղեկավար Հայկ Շամիրյանի քրեական հետապնդումը դադարեցվել էր 2024թ. նոյեմբերին, Մարտակերտի քաղաքապետ Միշա Գյուրջյանի հետապնդումը՝ հոկտեմբերի 26-ին: Փաստաբանները պնդել էին, որ սա քաղաքական հետապնդում է։