Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովը հայտարարել է, որ պատրաստ է ժամանել Ռումինիա և ցուցմունք տալ՝ նախագահական ընտրությունների երկրորդ փուլի արդյունքների բողոքարկման շրջանակներում երկրում ընտրական գործընթացին հնարավոր միջամտության հարցով, հայտնել է «ՌԻԱ Նովոստին»։
Ռումինիայում մայիսի 18-ին տեղի ունեցած նախագահական ընտրությունների երկրորդ փուլի նախնական արդյունքներով՝ Բուխարեստի քաղաքապետ Նիկուշոր Դանը 53,6% ձայն էր հավաքել, իսկ «Հանուն ռումինացիների միասնության ալյանս» (AUR) ազգայնական կուսակցության առաջնորդ Ջեորջե Սիմիոնը՝ 46,4%։
Միևնույն ժամանակ, մայիսի 20-ին Սիմեոնը հայտարարել էր, որ իր կուսակցությունը մտադիր է երկրի Սահմանադրական դատարանում վիճարկել ընտրությունների երկրորդ փուլի արդյունքները։
Մայիսի 4-ին Ռումինիայում տեղի էր ունեցել նախագահական ընտրությունների քվեարկության առաջին փուլը, որի արդյունքներով երկրորդ փուլ էին դուրս եկել Սիմիոնը և Դանը։
Մայիսի 19-ին Դուրովը հայտարարել էր, որ Ֆրանսիայի արտաքին հետախուզության գլխավոր վարչությունից իրեն խնդրել են ընտրություններից առաջ «լռեցնել» ռումինացի պահպանողականների քաղաքական ալիքները, ինչն ինքը մերժել է։