Հակակոռուպցիոն և Քննչական կոմիտեները համատեղ քննչական խումբ են ստեղծել, որն ապացուցողական և վարույթային ակտիվ գործողություններ է կատարում, Ազգային ժողովում հայտարարել է Հակակոռուպցիոնի նախագահ Արթուր Նահապետյանը:
Պատասխանելով ընդդիմադիր պատգամավոր Թագուհի Թովմասյանի՝ «Մարտի 1»-ի գործի վերաբերյալ հարցադրմանը, նա ասել է. «Մարտի 1»-ի գործն իմ ուշադրության կենտրոնում է։ Կարող եմ երաշխավորել, որ կիրականացվի գործի համակողմանի և անաչառ քննություն»:
Միևնույն ժամանակ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը նշել է, որ որևէ վարույթով «խոստում կամ հավաստիացում» տալ չի կարող։
2008 թվականի մարտի 1-ին՝ փետրվարի 19-ի նախագահական ընտրություններից հետո, Երևանում հակակառավարական ցույցեր էին տեղի ունեցել, որի ընթացքում զոհվել էր 10 մարդ՝ 2 ոստիկան, 8 քաղաքացի։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այն ժամանակ ընդդիմության շարքերում էր և 2009-ին ձերբակալվել էր։ 2018-ին գալով իշխանության՝ «Մարտի 1»-ի վերաբացված գործի դատական ընթացքին անդրադառնալով, 2020-ին ասել էր՝ «պարզ է՝ ովքեր են կազմակերպել «Մարտի 1»-ի սպանությունները»։ 2025-ի մարտի 1-ին նա հայտարարել էր, որ «երբեք չի ասել, թե գործն ամբողջությամբ բացահայտվել է»։