ՀՀ ՊՆ-ն հերքել է ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակելու մասին Բաքվի տարածած հայտարարությունը, տեղեկացնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։
«Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր մայիսի 10-ին՝ ժամը 09:55-ի սահմաններում, ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը»,- ասվում է հաղորդագրությունում։
Այսօր ավելի վաղ ՀՀ ՊՆ-ն հայտնել էր Սյունիքի մարզի Խնածախ գյուղի վրա Ադրբեջանի կողմից արձակված կրակոցների մասին, ինչի հետևանքով վնասվել էր բնակելի տան տանիքը։
Բաքուն մարտի 16-ից պարբերաբար հայտարարում է սահմանային իր դիրքերի ուղղությամբ կրակոցների մասին, որոնք հայկական կողմը հերքում է։
Ապրիլի 20-ին Ադրբեջանի ԶՈւ-ի կրակոցների հետևանքով վնասվել էր Սյունիքի Խնածախ գյուղի բնակելի տներից մեկի տանիքում տեղադրված արևային ջրատաքացուցիչը։ Մարտի 31-ին Ադրբեջանի ԶՈւ-ն կրակ էր բացել Խնածախի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել էր բնակելի տուն։ ՔԿ-ն քրվարույթ էր հարուցել ադրբեջանական զինուժի կրակոցներից հետո։
Մայիսի 7-ին հայտնի էր դարձել, որ Ադրբեջանը Հայաստանին հրադադարի ռեժիմի խախտումների մասին տեղեկություններ է փոխանցել: Մայիսի 8-ին ՀՀ ՊՆ-ն հայտնել էր, որ ադրբեջանական կողմը կրակ է բացել Սյունիքի Խնածախ գյուղի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել էր բնակելի տան տանիքը: Նմանատիպ խախտումներ նաև նախորդ ամիս էին գրանցվել: