ԱԺ ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցությունն իր 6 ստորագրությամբ կմասնակցի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի իմփիչմենթի գործընթացին՝ առանց որևէ նախապայմանի, հայտնել է «Արթուն ենք» շարժման մասնակից Նարեկ Մալյանը:
Նա ներկայացրել է խմբակցության պաշտոնական պատասխանը, որում նշված է, որ «Պատիվ ունեմ»-ը չունի վարչապետի թեկնածու։
«Գործընթացն ավելորդ քաղաքական նկրտումներով չբարդացնելու համար հայտարարում ենք, որ այս պահին չունենք վարչապետի թեկնածու»,- ասված է պատասխան նամակում:
Խմբակցությունը նաև վերահաստատել է իր համոզմունքը, որ իշխանափոխության հասնելու ամենագործուն տարբերակը կառավարության ղեկավարին անվստահություն հայտնելու ճանապարհն է։
Մայիսի 2-ին ԱԺ մյուս ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունը հայտարարել էր, որ թեև պատրաստ է աջակցել Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթացին, բայց դաշինքի համար նախաձեռնության «իրական նպատակները կասկածներ են առաջացրել»՝ հաշվի առնելով «խմբակցությունը թիրախավորելու փորձերը»։ Նախաձեռնության հեղինակներն անարձագանք չէին թողել այս հայտարարությունը: Նարեկ Մալյանն ասել էր, թե ընդդիմությունն իր ձայները փորձում է «թանկ վաճառել՝ պայմաններ առաջ քաշելով»։
Ապրիլի 28-ին «Արթուն ենք» շարժումը նամակներ էր փոխանցել ԱԺ պատգամավորներին՝ Փաշինյանի իմփիչմենթի առաջարկով։