Ադրբեջանի խորհրդարանի արտաքին միջամտության և հիբրիդային սպառնալիքների հակազդման հանձնաժողովի նախագահ Ռամիդ Նամազովը Ռուսաստանին մեղադրել է փետրվարի 20-ին ադրբեջանական մի շարք մեդիառեսուրսների վրա կիբերհարձակում կազմակերպելու մեջ:
Նամազովի խոսքով, ում մեջբերում են տեղական լրատվամիջոցները, հարձակումն իրականացվել է ռուսական կառույցների հետ կապված APT29 կիբերլրտեսական խմբի կողմից:
Պատգամավորը հայտարարել է, որ կիբերհարձակման դրդապատճառն Ադրբեջանի իշխանությունների կողմից Բաքվում «Ռուսական տուն» կենտրոնի գործունեության դադարեցումն էր, ինչպես նաև երկրում «Ռոսիա սեգոդնյա» մեդիախմբի ներկայացուցչության լուծարման քննարկումը: Նամազովը հայտարարել է, որ նման գործողություններն «ափսոսանք են առաջացնում» և «հակասում են Ադրբեջանի և Ռուսաստանի միջև դաշնակցային փոխգործակցության մասին հռչակագրի դրույթներին, ինչպես նաև երկկողմ հարաբերությունների ոգուն»:
Ռուսաստանի և Ադրբեջանի հարաբերությունները վատթարացել էին նախորդ տարվա դեկտեմբերին AZAL ինքնաթիռի կործանումից հետո։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ ինքնաթիռը «խոցվել է ռուսական տարածքում» և պահանջել էր, որ ռուսական կողմը ներողություն խնդրի։
Փետրվարին Ադրբեջանը ռուսական կողմին պաշտոնական ծանուցում էր ուղարկել իր տարածքում «Ռոսսոտրուդնիչեստվոյի» աշխատանքը դադարեցնելու մասին։ Ավելի ուշ Sputnik Ադրբեջանի խմբագրության աշխատակիցների թիվը 40-ից կրճատել էին՝ հասցնելով 1-ի մեկի։