Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի որդին՝ Դավիթ Վարդանյանը, դիմել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին՝ Բաքվում պահվող հայ գերիների ազատ արձակման խնդրանքով: Այս մասին ասվում է նրա հոդվածում, որը հրապարակվել է Fox News-ում:
«Պատկերացրեք ամբողջական համայնքներ, որոնք ստիպված են 24 ժամում լքել իրենց տները, եկեղեցիները և նախնիների գերեզմանները։ Այս մղձավանջն իրականություն դարձավ 120 000 հայ քրիստոնյաների համար, երբ Ադրբեջանն էթնիկ զտումներ իրականացրեց Լեռնային Ղարաբաղում՝ Արցախում։ Այդ ծանր գինը վճարողների թվում է Վարդանյանը, որն այժմ բանտարկված է օգնելու փորձի համար»,- գրել է Դավիթ Վարդանյանը։
Նա շեշտել է, որ այսօր իր հայրը պահվում է բանտում՝ պարզապես Արցախի հայերի ապրելու իրավունքը պաշտպանելու համար։ Նա նշել է, որ Բաքվում առնվազն 23 հայ քրիստոնյա անօրինական կերպով պահվում է, իսկ Ադրբեջանում կա ավելի քան 300 քաղբանտարկյալ։
Ռուբեն Վարդանյանը հայտնի է որպես գործարար և մարդասեր, ով վերջին 10 տարում իր կյանքը նվիրել է բարեգործությանը՝ հատկապես Հայաստանում։ Նա համահիմնադրել է «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը։ Դավիթ Վարդանյանը եզրափակել է, որ իր մեծ պապին փրկել են ամերիկացի միսիոներները, իսկ այժմ հույս ունեն, որ նախագահ Թրամփը կկատարի իր խոստումը՝ ճնշում գործադրելով Բաքվի վրա՝ ազատ արձակելու իր հորը և մյուս հայ բանտարկյալներին։
Ադրբեջանում, պաշտոնական տվյալներով, 23 հայ գերի կա։ 2024-ի դեկտեմբերին Բաքուն դատարան է ուղարկել Ադրբեջանում ապօրինի պահվող 15 անձանց, այդ թվում՝ Արցախի նախկին առաջնորդների քրեական գործը։ Նրանք մեղադրվում են 2548 դրվագով։ Հունվարի 17-ին սկսվել են Արցախի առաջնորդների դատավարությունները:
Գործով անցնում են Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Արայիկ Հարությունյանը և Բակո Սահակյանը, պետնախարար Ռուբեն Վարդանյանը, ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը, արտգործնախարար Դավիթ Բաբայանը, պաշտպանության նախկին նախարար Լևոն Մնացականյանը, Պաշտպանության բանակի հրամանատարի նախկին առաջին տեղակալ Դավիթ Մանուկյանը, ինչպես նաև Գարիկ Մարտիրոսյանը, Մելիքսեթ Փաշայանը, Դավիթ Ալավերդյանը, Գուրգեն Ստեփանյանը, Լևոն Բալայանը, Մադաթ Բաբայանը, Վասիլի Բեգլարյանը և Էրիկ Ղազարյանը: Ռուբեն Վարդանյանի գործն առանձին է քննվում։ Նրան սպառնում է ցմահ ազատազրկում Բաքվի բանտում։ Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք: