Լոռու մարզում 4 ամսական երեխային մահացած հայտնաբերելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, հայտնում է News.am-ը՝ հղում անելով ՀՀ Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանին։
Ըստ նրա՝ վարույթը նախաձեռնվել է Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (սպանություն, առավելագույն պատիժը՝ տարվա ազատազրկում): Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։
Shamshyan.com-ի տվյալներով՝ ապրիլի 28-ին՝ ժամը 22:00-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ոստիկանությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ մարզի գյուղերից մեկի տանը երեխայի դի կա: Նշված տանը քրեական ոստիկանները հայտնաբերել են 4 ամսական Գեղամ Ֆ.-ի դին:
Ըստ կայքի՝ երեխայի մայրը ժամը 17:00-ի սահմաններում տղային կաթ է տվել, ապա գնացել աշխատանքի, ով որպես կթվորուհի աշխատում է անասնագոմերից մեկում։ Ժամը 21:50-ի սահմաններում վերադառնալով տուն՝ երեխային հայտնաբերել է մահացած: