Թուրքիայի ոստիկանությունը Ստամբուլի քաղաքապետարանում կոռուպցիայի գործով քրեական հետաքննության շրջանակներում ձերբակալել է 47 անձանց, այդ թվում՝ բարձրաստիճան պաշտոնյաների, հայտնում է TRT Haber պետական հեռուստաալիքը։
«Դատարանը ձերբակալման թույլտվություն է տվել Ստամբուլի քաղաքապետարանի կոռուպցիայի և մրցույթների հետ կապված խարդախության գործով 53 կասկածյալի։ Ոստիկանական ստորաբաժանումները Ստամբուլում, Անկարայում և Թեքիրդաղում ձերբակալել են 47 մարդու, որոնցից վեցի նկատմամբ հայտարարվել է հետախուզում», – ասվում է հաղորդագրության մեջ։
Իրավապահ մարմինների աշխատակիցները ձերբակալել են նաև քաղաքապետարանի գլխավոր քարտուղարի օգնական Արիֆ Ալփային, Ստամբուլի ջրմուղագործության և կոյուղու վարչության (İSKİ) գլխավոր տնօրեն Շաֆակ Բաշին և այլ պետական ծառայողների։
Ավելի վաղ Թուրքիայի ընդդիմադիր Հանրապետական ժողովրդական կուսակցության նախագահ Օզգյուր Օզելը հայտարարել էր արտահերթ նախագահական ընտրությունների համար ստորագրահավաքի համազգային արշավի մեկնարկի մասին։
Մարտի 19-ին անվտանգության ուժերը ձերբակալել էին Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուին։ Թուրքիայում հազարավոր մարդիկ դուրս էին եկել փողոց՝ պաշտպանելու Իմամօղլուին։ Ոստիկանությունը հատուկ միջոցներ էր կիրառել ցուցարարների դեմ։
Իմամօղլուն Ստամբուլի քաղաքապետի պաշտոնն զբաղեցնում է 2019 թվականից։ Նա համարվում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավոր քաղաքական հակառակորդը։
Կարդացեք նաև՝
Թուրքիան միշտ Հայաստանի դեմ գործելու ժամանակ ու ռեսուրս ունի. Ռուբեն Մելքոնյան