Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել Օսմանյան կայսրությունում հայերի ցեղասպանության 110-ամյակի կապակցությամբ, որում «կտրականապես ժխտել է 1915 թվականի իրադարձությունների վերաբերյալ հայտարարությունները»։
Ըստ Թուրքիայի ԱԳՆ-ի՝ դրանք արվել են «պատմական փաստերի և միջազգային իրավունքի խախտմամբ»։
«Նման փորձերը հստակորեն ուղղված են անցյալի ցավը քաղաքական նպատակներով շահագործելուն»,- ասվում է հայտարարության մեջ։
Անկարան հայտարարել է իր արխիվները բացելու և համատեղ պատմական հանձնաժողով ստեղծելու պատրաստակամության մասին՝ իբր «1915 թվականի իրադարձությունների արդար և գիտական ուսումնասիրության» համար։ Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը խորհուրդ է տվել չխրախուսել «արմատական շրջանակների կողմից պատմությունից թշնամանք սերմանելու» փորձերը և կոչ է արել «աջակցել Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման ընթացիկ գործընթացին»։
Ապրիլի 23-ին ՀՅԴ կուսակցության երիտասարդական թևի կողմից Երևանում հազարավոր քաղաքացիների մասնակցությամբ տեղի էր ունեցել ավանդաբար կազմակերպվող ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ ի հիշատակ 1915-1923 թվականներին Օսմանյան կայսրությունում իրականացված ցեղասպանության անմեղ զոհերի։ Հանրապետության հրապարակում երթի մասնակիցներն այրել էին Ադրբեջանի և Թուրքիայի դրոշները:
Ապրիլի 24-ին ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը հայտարարել էր, որ Նիկոլ Փաշինյանը Թուրքիայի և Ադրբեջանի դրոշների այրումը Երևանում ջահերով երթի ժամանակ համարում է «սադրիչ գործելակերպ»։ Բաղդասարյանի խոսքով՝ վարչապետը դատապարտում է այս գործելակերպը և այն համարում է «անպատասխանատու և անընդունելի»։
Ապրիլի 24-ին լրանում է Օսմանյան կայսրության կողմից 1915 թվականին հայերի նկատմամբ իրականացված Ցեղասպանության 110-րդ տարելիցը։ Աշխարհասփյուռ հայությունը ոգեկոչման միջոցառումներով կհիշի 1,5 միլիոն անմեղ զոհերի հիշատակը։ Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչել է 34 պետություն, ավելի քան 70 կազմակերպություն։ 110 տարի անց Թուրքիան շարունակում է ժխտել Մեծ եղեռնի իրողությունը և պայքարում է Ցեղասպանության միջազգային ճանաչման դեմ՝ նենգափոխելով պատմությունը։
Մարտին Փաշինյանը թուրքական լրատվամիջոցներին տված հարցազրույցում հայտարարել էր, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը պաշտոնական Երևանի արտաքին քաղաքական առաջնահերթություններից չէ։
Հայոց ցեղասպանության ճանաչման պահանջը սկիզբ է առել դեռևս Խորհրդային Միության տարիներից։ 1965 թվականի մայիսին Ուրուգվայը դարձել էր աշխարհում Հայոց ցեղասպանությունը ճանաչած առաջին երկիրը։ Հայոց ցեղասպանությունը ճանաչել են մի քանի տասնյակ երկրներ՝ Ռուսաստան, Ֆրանսիա, Իտալիա, Գերմանիա, Հոլանդիա, Բելգիա, Լեհաստան, Լիտվա, Սլովակիա, Շվեդիա, Շվեյցարիա, Հունաստան, Կիպրոս, Լիբանան, Կանադա, Վենեսուելա, Արգենտինա և Վատիկան։ Հայոց ցեղասպանությունը ճանաչվել է նաև ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի, Եվրոպական խորհրդարանի, Եվրոպայի խորհրդի, Եվրոպական Միության, Եկեղեցիների համաշխարհային խորհրդի և այլ միջազգային կազմակերպությունների կողմից։ Հայերի ցեղասպանությունը ճանաչվել է Ամերիկայի և այլ երկրների մոտ հարյուր նահանգների, նահանգային խորհուրդների և այլ կառույցների կողմից։