«Հայաստան» խմբակցության կողմից Հայոց ցեղասպանության ուրացումը քրեականացնելու մասին օրինագիծ ներկայացնելու մասին հայտարարությունից հետո Ազգային ժողովում վեճ է սկսվել։ Իրավիճակը թեժացել է հատկապես այն բանից հետո, երբ ընդդիմության և իշխանության ներկայացուցիչներն սկսել են միմյանց մեղադրել Ցեղասպանությունը ժխտելու, ազգային արժեքներն ուրանալու մեջ։
«Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը նշել է, որ Ցեղասպանության ուրացումը քրեականացնելու նախագիծը ներկայացնում են Մեծ եղեռնի 110-րդ տարելիցին ընդառաջ։
«Մեր խմբակցությունը շրջանառության մեջ է դրել Հայոց ցեղասպանության ուրացման՝ կոնկրետ հանցակազմի համար քրեական պատասխանատվություն նախատեսող օրինագիծը։ Սա մի օրինագիծ է, որի մի կողմում ազգային հիշողությունն է, արժանապատվությունն ու ինքնությունը, մյուս կողմում՝ հայ ժողովրդի ու հայազգի թշնամիներն են։ Ես կարծում եմ՝ առաջիկայում ընտրության հնարավորություն պետք է ունենա յուրաքանչյուրը, առաջին հերթին՝ քաղաքական այն մեծամասնությունը, որ այսօր որոշումներ է կայացնում Հայաստանի Հանրապետության անունից»,- ասել է Մինասյանը։
Նա նշել է, որ վերջին մի քանի օրերի ընթացքում կրկին պատմությունը խեղաթյուրելու, ազգային ազատագրական պայքարը նսեմացնելու փորձեր են արվել։
«Ուզում եմ նաև հիշեցնել, որ ամեն մի խոսք նաև պետք է բավարար հիմքեր ունենա։ Սուտն ու կեղծիքը, մեր պատմությունը խեղաթյուրելը, պայքարողին նսեմացնելը ոչ մի լավ տեղ չի տանելու։ Հիշեք՝ պատգամավորի, իշխանական կարգավիճակից դուրս կյանք կա, և պետք է դուրս գաք մարդկանց մեջ, մարդկանց հայացքներին նայեք և պետք է պատասխան տաք»,- դիմելով իշխանությանը՝ ընդգծեց Մինասյանը։
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Մինասյանի ելույթը «սեփական փորձով» կիսվել որակեց։ Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն էլ «Հայ հեղափոխական դաշնակցությանը» մեղադրեց Ցեղասպանությունն ուրանալու մեջ։ Նա նշեց, որ 2008-ին՝ Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային խաղի ժամանակ, երբ Հայաստան էր ժամանել Թուրքիայի նախկին նախագահ Աբդուլլահ Գյուլը, այն ժամանակվա իշխանությունը հայ ֆուտբոլիստների մարզաշապիկի վրայից հանել էր Արարատի պատկերը:
«Գեղամ Մանուկյանն («Հայաստան» խմբակցության պատգամավոր-խմբ․) ասում է՝ «Արարատը Հայաստանի հավաքականի մարզաշապիկից թյուրիմացաբար է անհետացել»։ Ո՞նց կարող է թյուրիամցաբար անհետանալ։ Դուք այդքան նսեմացրել ու նսեմացնում եք Արարատը, որ համարել եք՝ Արարատը կարելի է՞ թյուրիմացաբար դուրս թողնել Հայաստանի հավաքականի մարզաշապիկից։ Հիմա մե՞նք ենք Արարատն ուրանում, թե՞ դուք։ Թյուրիմացություններ, փաստորեն, ձեր մոտ հաճախ է տեղի ունեցել։ Երևի, այդպես թյուրիմացաբար կոալիցիայի մեջ մտավ երիտթուրքերի հետ, հետո այդպես թյուրիմացաբար կոալիցիայի մեջ մտաք հանրապետականների հետ։ Հետո էլ թյուրիմացաբար դուրս եկաք կոալիցիայից ու նորից թյուրիմացաբար մտաք այդ ալիսիայի մեջ»,- ասաց ՔՊ խմբակցության ղեկավարը։
Կոնջորյանը «երեսպաշտություն» անվանեց Ցեղասպանության ուրացման մասին ընդդիմության նախագիծը։
«Դուք ուրացել եք Դաշնակցությանը։ Դուք ուրացել եք Սիմոն Վրացյանին, Քաջազնունուն, Խատիսյանին։ Հիմնավորում՝ թե ոնց եք ուրացել։ Ցեղասպանությունից ընդամենը 3 տարի անց Դաշնակցությունը գնում է Թուրքիայի հետ բարեկամության մասին պայմանագիր է կնքում։ Ցեղասպանությունից երեք տարի անց այդ պայմանագիրը կնքելը, փաստորեն, դուք ուրացում չեք համարում, բայց հիմա՝ 110 տարի անց, երեսպաշտորեն Ցեղասպանության ուրացումը քրեականացնելու նախագիծ եք բերում»,- նշեց նա։
Մարտի 13-ին թուրքական լրատվամիջոցներին տված հարցազրույցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը պաշտոնական Երևանի արտաքին քաղաքական առաջնահերթությունների մեջ չէ։
Ապրիլի 24-ին Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության՝ 20-րդ դարի առաջին Ցեղասպանության 110-րդ տարելիցն է։