Իսրայելի ռազմաօդային ուժերի անօդաչու թռչող սարքը հարավային Լիբանանում հարվածել է մայրուղով երթևեկող պիկապին և էքսկավատորին, ինչի հետևանքով երկու մարդ վիրավորվել է, որոնք ավելի ուշ մահացել են հիվանդանոցում, հայտնել է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով հանրապետության Առողջապահության նախարարությանը։ Վերջինս, սակայն չի հստակեցրել, թե զոհվածները «Հըզբոլլահի» զինված խմբավորման անդամներ են, թե խաղաղ բնակիչներ։
«Իսրայելական անօդաչու թռչող սարքը հրթիռներ է արձակել Զիբկին և ալ-Շուեյտիա բնակավայրերի միջև գտնվող մայրուղու վրա գտնվող թիրախների ուղղությամբ։ Փրկարարների կողմից Տյուրոս քաղաքի հիվանդանոց տեղափոխված երկու տուժած ավելի ուշ մահացել է ստացած վնասվածքներից», – ասվում է նախարարության հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ ևս երեք մարդ վիրավորվել է։
Մարտի 28-ին Իսրայելի պաշտպանության բանակը Բեյրութում հարվածել էր «Հըզբոլլահի» օբյեկտին՝ ի պատասխան Լիբանանից իր տարածքի գնդակոծության։
2024-ի նոյեմբերին Իսրայելի ռազմաքաղաքական կաբինետը հաստատել էր Լիբանանում հրադադարի համաձայնագիրը։ Կարճ ժամանակ անց այդ ժամանակ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել էր, որ Իսրայելի և «Հեզբոլլահի» միջև պայմանավորվածությունները ներառում են լիբանանյան ուժերի վերահսկողությունն իրենց տարածքի նկատմամբ՝ 60 օրվա ընթացքում: Հայաստանը ողջունել էր Լիբանանի և Իսրայելի միջև ձեռք բերված հրադադարի համաձայնությունը:
2024-ի դեկտեմբերին Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտնել էր, որ Իսրայելը խստորեն հետևում է Լիբանանի հետ հրադադարի ռեժիմին։ Միևնույն ժամանակ՝ նշել էր, որ վճռականորեն արձագանքում են «Հըզբոլլահ» շարժման կողմից ցանկացած խախտման։