Ռուսաստանը պահանջել է դադարեցնել զենքի բոլոր մատակարարումներն Ուկրաինա 30-օրյա հրադադարի ընթացքում, որն առաջարկել էին Վաշինգտոնն ու Կիևը Ջիդդայում բանակցությունների արդյունքում, գրում Է Bloomberg-ը՝ վկայակոչելով «իրազեկ աղբյուրներին»:
Գործակալության աղբյուրների խոսքերով՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մարտի 13-ին ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթկոֆի հետ հանդիպման ժամանակ դա պարտադիր պայման է համարել հրադադարի մասին համաձայնագրի ստորագրման համար: Մոսկվայի նվազագույն պլանն այն է, որ դադարեցվի ռազմական օգնությունը գոնե Վաշինգտոնի կողմից, ասել են երկու աղբյուրները, որոնք «ծանոթ են Կրեմլի կարծիքին»: Նրանցից մեկի խոսքով՝ զենքի մատակարարումները կարող են վերսկսվել խաղաղ համաձայնագրի կնքումից հետո, որի շրջանակներում Ուկրաինան պետք է համաձայնի սահմանափակել իր ռազմական ներուժը:
ԵՄ-ն դիմադրում է այդ պահանջին, քանի որ ռազմական մատակարարումների արգելափակումը կարող է հանգեցնել Ռուսաստանի վերազինմանը, մինչդեռ դա կարգելվի Ուկրաինային, Bloomberg-ը մեջբերում է եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյայի խոսքերը:
ԱՄՆ-ն «փաստացի արդեն համաձայնել է Ռուսաստանի հետ տարածքների և ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցությունից հրաժարվելու հարցում, ինչը մեծացրել է ԵՄ-ում մտահոգությունը Կիևի «թուլացման և խոցելիության» վերաբերյալ ցանկացած խաղաղ գործարքի դեպքում, որն ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփը կկնքի Պուտինի հետ:
Մարտի 12-ին ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Ռուսաստանին կոչ էր արել 30-օրյա հրադադար հաստատել Ուկրաինայում։ Մարտի 11-ին Կիևը համաձայնել էր ընդունել ժամանակավոր հրադադարի մասին ԱՄՆ-ի առաջարկը:
Ռուսաստանը նույնպես համաձայն է ռազմական գործողությունները դադարեցնելու առաջարկներին, սակայն դրանք պետք է հանգեցնեն երկարաժամկետ խաղաղության և վերացնեն ուկրաինական ճգնաժամի հիմնական պատճառները: