Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ, հայտնել են Հայաստանի կառավարությունից։
Նշվում է, որ վարչապետը Ֆրանսիայի նախագահին տեղեկացրել է «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի» նախագծի տեքստի համաձայնեցման շուրջ բանակցությունների ավարտի մասին։
Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Ֆրանսիա, Հայաստան-ԵՄ հարաբերություններին, ինչպես նաև հարավկովկասյան տարածաշրջանին վերաբերող հարցեր։
Մարտի 13-ին Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել էր, որ Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ բանակցությունների գործընթացն արդեն ավարտված է։ Նրա խոսքով՝ հայկական կողմը հայտնել է, որ ընդունել է վերջին երկու կետերը, որոնք մինչ այժմ բաց էին։ Հայաստանի ԱԳՆ-ն հաստատել էր նախագծի հաստատման ավարտը և հայտարարել, որ Երևանը պատրաստ է Բաքվի հետ սկսել խորհրդակցություններ համաձայնագրի ստորագրման ժամկետների և վայրի շուրջ։
Փաշինյանը խաղաղության պայմանագրի բանակցությունների մասին պատմել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանին։