«Քաղաքացիական պայմանագրի» ներկայացուցիչները ոստիկանություն են ներկայացրել ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանին՝ մարտի 14-ին ԱԺ միջազգային հարաբերությունների հանձնաժողովի նիստի ընդմիջման ժամանակ IQOS ծխելու համար, գրում է «Հրապարակ» թերթը՝ վկայակոչելով իր աղբյուրներին։
Թերթի տեղեկություններով՝ ԱԺ ժամանած պարեկապահակային ծառայության աշխատակիցները Դանիելյանին օրենքով սահմանված կարգով տուգանել են 50 հազար դրամով։
«Իրավապահներն ասել են, որ պատգամավորն ընդմիջմանը ծխել է, և այդ մասին իրենք իմացել են հանդիպման ուղիղ հեռարձակումը դիտելուց հետո։ Սակայն ընդմիջումների ժամանակ ուղիղ հեռարձակումն անջատված էր։ Ուստի ակնհայտ է, որ Դանիելյանին «մատնել են» ՔՊ-ի պատգամավորները»,- պնդում է լրատվականը։
Մարտի 14-ին «Ազգային ճակատ» Telegram ալիքը հայտնել էր, որ ընդդիմադիր պատգամավորը տուգանվել է IQOS անծուխ ծխախոտային արտադրանք օգտագործելու համար։