Արարատի մարզի Այգավան գյուղի գազալցակայանում մարտի 4-ին տեղի ունեցած պայթյունի հետևանքով տուժածներից մեկը Այրվածքաբանության ազգային կենտրոնում մահացել է, հայտնում է Shamshyan.com-ը։
Կայքի տեղեկություններով՝ մահացածն Արարատի մարզի 39-ամյա բնակիչ Գեղամ Իսրայելյանն է, ով պայթյունից հետո դեմքի, գլխի, պարանոցի, իրանի և երկու ձեռքերի ջերմային այրվածքներով տեղափոխվել էր կենտրոն։
Պայթյունի հետևանքով ևս մեկ տուժած՝ Արարատի մարզի 41-ամյա բնակիչ Հարութ Փայտյանը, գտնվում է բժիշկների հսկողության տակ, ասվում է հաղորդագրության մեջ։ Մյուս տուժածի մասին տեղեկություններ չի հաղորդվում։
Մարտի 4-ին Այգավան գյուղի գազալցակայանում պայթել էր 25 տոննա կշռող հեղուկ գազի բաք, ինչի հետևանքով երեք մարդ վիրավորվել էր։