Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն ՀՅԴ Բյուրոյի նորընտիր անդամների հետ քննարկել է Հայաստանի և հայ ժողովրդի առջև ծառացած մարտահրավերները, հայտնում է ՀՅԴ մամուլի ծառայությունը։
Ըստ հաղորդագրության՝ հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են անվտանգային սպառնալիքներին և Հայաստան-Սփյուռք գործակցությանն առնչվող հարցեր։ Առկա խնդիրների դիմագրավման գործում ընդգծվել է ազգային միասնության ու համախմբման անհրաժեշտությունը։
Կուսակցության ներկայացուցիչները կաթողիկոսին տեղեկություններ են փոխանցել ՀՅԴ 35-րդ Ընդհանուր Ժողովի աշխատանքների մասին։ Ամենայն Հայոց կաթողիկոսը շնորհավորել է Բյուրոյի նորընտիր ներկայացուցչին և անդամներին՝ կարևորելով համազգային ներուժի ծառայեցումը հանուն հայրենիքի զորացման, ազգի արժանապատիվ ու լուսավոր գալիքի կերտման։
Մարտի 6-ին ՀՅԴ 35-րդ Ընդհանուր ժողովն ընտրել էր ՀՅԴ Բյուրոյի նոր կազմ։ Բյուրոյի ներկայացուցիչ է ընտրվել ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը։ Կազմում ընտրվել էին նաև Լիլիթ Գալստյանը (Հայաստան), Տարոն Տոնոյանը (Հայաստան), Արսեն Համբարձումյանը (Հայաստան), Սևան Դանիելյանը (Իրան), Խաժակ Մկրտչյանը (ԱՄՆ), Տարոն Տեր-Խաչատուրյանը (ԱՄՆ), Հովսեփ Տեր-Գևորգյանը (Ֆրանսիա), Մուրադ Փափազյանը (Ֆրանսիա), Հակոբ Բագրատունին (Լիբանան) և Րաֆֆի Տոնապետյանը (Կանադա):