Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը դատապարտել է Իսրայելի իշխանությունների՝ Երուսաղեմի հայկական թաղամասում գտնվող Հայ Առաքելական եկեղեցու Երուսաղեմի պատրիարքարանի ունեցվածքը բռնագրավելու փորձը և կրոնական և քաղաքական առաջնորդներին կոչ արել միջամտել՝ պաշտպանելու քրիստոնյա համայնքների հիմնարար իրավունքները։
Կազմակերպությունը քաղաքային իշխանությունների գործողություններն անվանել է ոտնձգություն կրոնական ազատության դեմ և Երուսաղեմի սուրբ վայրերի կառավարման պատմական ստատուս քվոյի խախտում։
«Դարեր շարունակ Հայոց պատրիարքարանը քրիստոնեական այլ հաստատությունների կողքին պաշտպանել է Սուրբ երկրի սուրբ ժառանգությունը՝ ծառայելով որպես հավատքի, համայնքային ծառայության և արդարության փարոս»,- ասվում է հայտարարության մեջ:
Նշվում է, որ պատրիարքարանի դեմ ձեռնարկված բռնի միջոցները ոչ միայն իրավական և բարոյական ծաղր են, այլև վտանգավոր նախադեպ, որն սպառնում է Երուսաղեմի բոլոր քրիստոնեական հաստատություններին:
ԵՀԽ-ն Իսրայելի կառավարությանը կոչ է արել անհապաղ սառեցնել բռնագրավման գործընթացը և պահպանել Երուսաղեմի միջազգայնորեն ճանաչված ստատուս քվոն:
«Միջազգային հանրությանը, ներառյալ՝ կրոնական և քաղաքական առաջնորդներին, կոչ ենք անում վճռական գործողություններ ձեռնարկել՝ պաշտպանելու քրիստոնյա համայնքների հիմնարար իրավունքները և ապահովելու, որ Սուրբ երկիրը մնա երկրպագության, խաղաղության և համակեցության վայր բոլորի համար»,- հավելել են կազմակերպությունից:
Փետրվարի 19-ին Երուսաղեմի Հայոց պատրիարքությունը տեղեկացրել էր, որ 1994 թվականի մունիցիպալ հարկի ենթադրյալ պարտքի պատճառով Երուսաղեմի քաղաքապետարանը փորձում է առգրավել և աճուրդով վաճառել պատրիարքությանը դարեր շարունակ պատկանող անշարժ գույքը։ Պատրիարքարանից նշել էին, որ պարտքը կամայականորեն պարտադրվել է քաղաքային պաշտոնյայի կողմից՝ առանց պատշաճ դատավարության:
Միևնույն ժամանակ, հավելել էին, որ Երուսաղեմի քաղաքապետարանը չվճարված վարձավճարների տեսքով միլիոնավոր դոլարներ է պարտք պատրիարքարանին: Երուսաղեմի հայոց պատրիարք Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանն Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուին նամակով կոչ էր արել կանխել Երուսաղեմի քաղաքապետարանի գործողությունները: