Այսօրվանից՝ դեկտեմբերի 30-ից, Հայաստան-Իրան պետական սահմանի Ագարակ սահմանային անցման կետում սահմանապահ վերահսկողություն իրականացնում են միայն ՀՀ սահմանապահ զորքերի ծառայողները, հայտնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Հայաստանի անկախացումից ի վեր Ագարակ անցման կետում սահմանային վերահսկողություն իրականացնում էին Ռուսաստանի Դաշնության սահմանապահ զորքերի ծառայողները, և ուզում եմ նրանց շնորհակալություն հայտնել մատուցած ծառայության համար»,- Facebook-ում գրել է նա:
ՀՀ վարչապետը և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հոկտեմբերի 8-ին Մոսկվայում կայացած հանդիպման ժամանակ պայմանավորվել էին, որ 2025 թվականի հունվարի 1-ից Հայաստան-Իրան պետական սահմանի հսկիչ-սահմանային կետում ծառայությունն ամբողջությամբ կիրականացվի ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի ուժերով։ Պայմանավորվածություն էր ձեռք բերվել նաև, որ Հայաստան-Իրան և Հայաստան-Թուրքիա պետական սահմանի պահպանությանը կմասնակցեն նաև ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերը։
Հուլիսի 31-ին ռուս սահմանապահները 32 տարվա ծառայությունից հետո ավարտել էին իրենց ծառայությունը Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում։