Բաքուն ծրագրում է առաջիկա օրերին փոփոխություններ կատարել Ադրբեջանի տարածքում Ռուսաստանի քաղաքացիների ժամանակավոր գտնվելու կանոններում, հայտնում են տեղական լրատվամիջոցները՝ վկայակոչելով Ադրբեջանի ԱԳՆ-ին։
Գերատեսչության ներկայացուցիչը հայտնել է, որ համապատասխան որոշում է կայացվել՝ Ռուսաստանում օտարերկրացիների՝ ռուսական կողմի ընդունած նոր կանոնների հետ կապված։ Նրա խոսքով՝ Բաքուն ժամանակավոր կեցության և միգրացիայի հարցերում «հիմնվելու է հավասարության և փոխադարձության սկզբունքների վրա»։
«Ռուսական կողմի կիրառած նոր կանոնները և երկրում գտնվելու տևողության հետ կապված պահանջների խստացումը դիտարկվում են, առաջին հերթին, Ադրբեջանի քաղաքացիների իրավունքների համատեքստում»,- ասվում է հաղորդագրության մեջ։
ՌԲԿ-ի փոխանցմամբ՝ դեկտեմբերի 26-ին ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել էր Ռուսաստանում օտարերկրացիների գտնվելու կանոնների փոփոխության մասին։ Հունվարի 1-ից առանց վիզայի Ռուսաստան ժամանած օտարերկրացիները տարվա ընթացքում կարող են մնալ երկրում մինչև 90 օր, մինչդեռ ներկայումս այդ ժամկետը կազմում է 90 օր՝ 180 օրվա ընթացքում։