Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը հայտարարել է, որ Բաքուն Հայաստան ներխուժելու մտադրություն չունի։
«Այդ լուրերը վերջին օրերին տարածված կեղծ լուրեր են, որոնց ծագումն ամբողջությամբ չենք կարող հասկանալ։ Նման շինծու լուրերի համար որպես պատրվակ նշվում է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը»,-Ամիրբեկովի պատասխանը մեջբերել են ադրբեջանական լրատվամիջոցները։
Ալիևի ներկայացուցչի խոսքով՝ «եթե Երևանին դուր չի գալիս «միջանցք» ձևակերպումը, ապա կարող են օգտագործվել այնպիսի տերմիններ, ինչպիսիք են անցում, ճանապարհ, խաչմերուկ և այլն»։ Նա հայտարարել է, որ «եթե Հայաստանը չկատարի իր պարտավորություններն այս հարցում», ապա Բաքուն այլընտրանքային տարբերակ ունի։
Ամիրբեկովն ընդգծել է, որ Ադրբեջանի տարածքի հիմնական մասը Իրանի տարածքով Նախիջևանի հետ կապելու նախագիծը կիրականացվի հնարավորինս արագ։ Նա նաև ասել է, որ «Լեռնային Ղարաբաղի բնակիչներից հազարից քիչ մարդ է դիմել Ադրբեջանի քաղաքացիություն ստանալու համար» և «պարտավորություն է ստանձնել հրաժարվել անջատողական գործողություններից»։
Ալիևի ներկայացուցիչը նաև հայտարարել է, որ Ադրբեջանի իշխանությունները ներկայումս Արցախում «բոլոր կրոնական հուշարձանների, այդ թվում՝ քրիստոնեական հուշարձանների հաշվառում են անցկացնում»։
Նոյեմբերի 10-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Ադրբեջանի դպրոցներում, բուհերում, ԶԼՄ-ներում քարոզվում է, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջան» հայեցակարգը, որը Հայաստանի Հանրապետության դեմ նոր պատերազմ նախապատրաստելու հայեցակարգ է։






































