Հաշվի առնելով Արցախի բնակչության նկատմամբ Ադրբեջանի կողմից իրականացվող ցեղասպան քաղաքականությունը և նրա բնակչության առջև ծառացած լրջագույն գոյաբանական սպառնալիքները՝ Արցախի Հանրապետության Ազգային ժողովն ուղերձով դիմել է ՄԱԿ-ի անդամ պետություններին՝ շեշտելով, որ վերահաս ողբերգությունը կանխելու միակ միջոցը ԱՀ անկախության ճանաչումն է։
ԱՀ ԱԺ-ն այս համատեքստում ընդգծել է ճանաչում հանուն փրկության սկզբունքի մասին։
«Անհերքելի է, որ կան ճանաչման համար բոլոր անհրաժեշտ հիմքերը: Արցախի Հանրապետությունն իր ինքնորոշման իրավունքն իրականացրել է՝ չխաթարելով Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, չխախտելով ԽՍՀՄ Սահմանադրության համապատասխան դրույթները, «ԽՍՀՄ կազմից միութենական հանրապետությունների դուրս գալու մասին» 1990 թվականի ապրիլի 3-ի օրենքի սահմանումը։ Ըստ այդ սահմանման՝ «Ինքնավար հանրապետություններն ու ինքնավար կազմավորումներն իրավունք ունեն ինքնուրույնաբար վճռելու միության մեջ կամ նրա կազմից դուրս եկող միութենական հանրապետությունում մնալու հարցը, ինչպես նաև կարգավորելու սեփական պետական իրավական կարգավիճակի խնդիրը», միջազգային իրավունքի բոլոր նորմերը»,-ասված է ԱՀ ԱԺ հայտարարության մեջ։
ԱՀ ԱԺ-ն ուղերձում համոզմունք է հայտնել, որ ՄԱԿ-ի անդամ պետությունների կողմից Արցախի Հանրապետության ճանաչումն Արցախի ժողովրդի համար անվտանգության վստահելի երաշխիք կդառնա, կնպաստի իր պատմական հայրենիքում նրա բնականոն կենսագործունեության համար բարենպաստ պայմանների ստեղծմանը, ինչպես նաև հարավկովկասյան տարածաշրջանում կայունության, երկարաժամկետ ու հաստատուն խաղաղության ապահովմանը։
2022-ի դեկտեմբերի 12-ին մի խումբ ադրբեջանցիներ` «բնապահպանական» պատճառաբանություններով ժամը 10:30-ից փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղու Շուշի-Քարին տակ հատվածը՝ ոտնահարելով քաղաքացիական բնակչության կենսական շահերն ու իրավունքները: Այսօրվա դրությամբ ճանապարհը շարունակում է փակ մնալ: Արցախի ԱԽ նիստում որոշում է կայացվել դիմել ՌԴ Արցախի Հանրապետությունում տեղակայված ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը՝ անընդունելի համարելով միջանցքի փակումը: Հունիսի 15-ից Ադրբեջանն արգելափակել Լաչինի միջանցքով հումանիտար փոխադրումները։