ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Քաղաքացու օրվա կապակցությամբ և ուղերձում հայտարարել, որ «աղետալի սխալները», ներառյալ 44-օրյա պատերազմը և դրան հաջորդած իրադարձությունները, պայմանավորված են նրանով, որ Հայաստանում երկար տարիներ բացակայում էին ժողովրդավարությունը, օրենքի գերակայությունը և ազատ ընտրությունները։
«Մեր ընդդիմախոսներն ասում են՝ թող չունենայինք ժողովրդավարություն, բայց չլինեին նաև այն աղետալի ձախողումները, որ ունեցանք, մասնավորապես՝ 44-օրյա պատերազմում և դրանից հետո: Պիտի համարձակություն ունենամ ասելու. այդ աղետները վրա հասան երկար տարիներ ժողովրդավարություն, օրինականություն, քաղաքացիական ազատ բանավեճ չունենալու հետևանքով, այն տաբուների, կաղապարների և «ճշմարտությունների» պատճառով, որոնք ստեղծվել էին բարեհունչ վերնագրերի ներքո, բայց ո՛չ հանուն պետականության»,- նշել է նա:
Վարչապետի խոսքով՝ ժամանակին չեն կարողացել հաղթահարել այդ տաբուներն ու կաղապարները և դա էր, թերևս, իրենց մեծագույն ձախողումը:
«Այդ տաբուների գործադրմամբ այսօր էլ փորձ է արվում թույլ չտալ քաղաքական, քաղաքացիական և քաղաքագիտական մտքի զարգացումը, բայց ապագայի առաջ մեր ունեցած պատասխանատվությունը պիտի պարտադրի մեզ ասել՝ հայրենիքը պետությունն է, որը պիտի լինի կոնկրետ, սերը հայրենիքի նկատմամբ օրինապահությունն է, քաղաքացիությունն ինքնություն է, անվտանգության երաշխավորը խաղաղությունն է և այս հենասյուների վրա պիտի կառուցվի ապագան»,- ասված է ուղերձում:
Վարպապետն իր ուղերձում հարց է տվել՝ իսկ հպա՞րտ է արդյոք Հայաստանի Հանրապետության քաղաքացին և ինքն էլ պատասխանել, որ պիտի՛ և պարտավոր է լինել հպարտ, «որովհետև այսպե՛ս դիմակայել դարակազմիկ մարտահրավերներին՝ երկիրն ու տնտեսությունը զարգացնելով, ժողովրդավարության էությանն ու արժեքներին չդավաճանելով՝ հպարտության իրական աղբյուրն է»:
Հայաստանի Հանրապետության քաղաքացու օրը նշվում է ապրիլի վերջին շաբաթ օրը: 2019 թվականի մարտի 21-ին ՀՀ կառավարությունը հավանություն էր տվել «Տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքի փոփոխություններին, որոնցում առաջարկվել է սահմանել Քաղաքացու օրը՝ որպես նոր տոն: