Կա մեկ կետ, որի շուրջ Երևանն ու Բաքուն եկել են համաձայնության, դա Վիեննայի կոնվենցիայի համաձայն դիվանագիտական հարաբերություններ հաստատելն է: Այս մասին ԱԺ արտահերթ նիստի ժամանակ ասաց ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ նշելով, որ մնացած բոլոր կետերում չկա հստակ համաձայնություն:
«Ինչ վերաբերում է Ադրբեջանի հետ պայմանավորվածություններին, ապա մենք ընդհանրապես այս խնդիրը բազմաթիվ անգամ ենք ունեցել, նույնիսկ՝ Բրյուսելում մայիսի 22-ին առաջնորդների հանդիպումից հետո Ալիևը հայտարարել է, որ միջանցք են քննարկել և նաև հայտարարել է, որ Ղարաբաղյան հարցը լուծված է և գիտեք, որ նախագահ Միշելի խոսնակը ստիպված է եղել հայտարարել, որ նախ միջանցք չի քննարկել, երկրորդ Ղարաբաղի հիմնախնդրի վերջնական արդյունքը ոչ մեկին հայտնի չէ»,- ասաց Գրիգորյանը:
Նրա խոսքով՝ Ադրբեջանը հաճախ է բանակցություններից հետո հայտարարում մի բան, որն իրականության հետ կապ չունի:
Ինչ վերաբերում է խաղաղության փաստաթղթի երրորդ տարբերակին, ապա դա նույն տեքստի վրա արված երեք խմբագրումներն են, ոչ թե երեք տարբեր տարբերակներ: Այն ներառում է ղարաբաղյան հարցը, դելիմիտացիայի չենթարկված սահմանները, ապաշրջափակումն ու հումանիտար հարցեր, ասաց ԱԽՔ-ը:
Հոկտեմբերի 27-ին «Վալդայ» բանավիճային ակումբի նստաշրջանում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի «վաշինգտոնյան տարբերակը» նախատեսում է Լեռնային Ղարաբաղի նկատմամբ Բաքվի ինքնիշխանության ճանաչում: Նա ընդգծել է, որ Մոսկվան չի պատրաստվում Հայաստանին ինչ-որ բան պարտադրել և թելադրել։ Մինչդեռ խաղաղության պայմանագրի «ռուսական տարբերակը» նախատեսում է, որ Ղարաբաղի կարգավիճակի հարցի լուծումը պետք է հետաձգել անորոշ ապագային և առաջին հերթին զբաղվել հումանիտար հարցերի լուծմամբ։
Ավելի ուշ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանը համաձայնել է աշխատել Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի վրա՝ Ռուսաստանի առաջարկների հիման վրա։ Նա հույս է հայտնել, որ Ռուսաստանը «կաջակցի իր առաջարկներին»։


































