Հայաստանը սեպտեմբերի սկզբին համաձայնել է աշխատել Հայաստանի և Ադրբեջանի միջև միջպետական հարաբերությունների հաստատման ուղղությամբ Ռուսաստանի կողմից ներկայացված սկզբունքների և պարամետրերի հիման վրա, ու պատրաստ է դա վերահաստատել Սոչիում: Այս մասին Թվիթերի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Վարչապետը հույս է հայտնել, որ Ռուսաստանը սատար կկանգնի սեփական առաջարկություներին։
Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ընդգծել էր, որ Ռուսաստանի դիրքորոշումն այն է, որ Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագիրն «իհարկե պետք է»։ «Եվ մենք աջակցում ենք խաղաղ կարգավորմանը, ինչպես նաև սահմանի սահմանազատմանը և սահմանային հարցի ամբողջական կարգավորմանը։ Մենք կողմ ենք դրան: Հարցը, թե որ տարբերակն ընտրել, Հայաստանի, հայ ժողովրդի և հայկական ղեկավարության գործն է։ Ամեն դեպքում, անկախ նրանից, թե որ տարբերակն է ընտրված, եթե դա բերում է խաղաղության, մենք միայն կողմ ենք: Մենք չենք պատրաստվում որևէ բան պարտադրել: Մենք չենք կարող և չենք պատրաստվում Հայաստանին ինչ-որ բան թելադրել»,- ասել էր ՌԴ նախագահը։
Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում հայտարարել էր, որ մինչև տարեվերջ խաղաղության պայմանագրի ստորագրումն իրատեսական է, եթե հաշվի առնվի Պրահայում ձեռք բերված պայմանավորվածությունը, որ սահմանազատման գործընթացը պետք է տեղի ունենա 1991 թվականի սահմանների հիման վրա։ Նա ընդգծել է, որ Հայաստանի կառավարությունը կներդնի բոլոր անհրաժեշտ ջանքերը, որպեսզի համաձայնագիրը ստորագրվի մինչև տարեվերջ։
Հոկտեմբերի 31-ին Սոչիում տեղի կունենա Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը, որը կքննարկի նաև Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագիրը։