Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը շաբաթ օրը Կենտրոնական հրամանատարական շտաբում ծառայողական խորհրդակցության ժամանակ զինվորականներին հրամայել է պատրաստ լինել «Հայաստանի զինված ուժերի կողմից ցանկացած հնարավոր սադրանքի անհապաղ և վճռական ճնշման», հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ հղում անելով Ադրբեջանի պաշտպանության նախարարության հայտարարությանը։
Հաղորդվում է, որ հանդիպմանը վերլուծվել է ներկայիս օպերատիվ իրավիճակը Քարվաճառի և Լաչինի ուղղություններում, ինչպես նաև այն տարածքներում, որտեղ տեղակայված է ռուսական խաղաղապահ զորախումբը։
Armenia Today-ն արդեն հայտնել էր, որ սեպտեմբերի 23-ին՝ ժամը 19:30-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումներից մեկը դիմել է սադրանքի՝ փորձելով անցնել հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան ուղղությամբ տեղակայված հայկական մարտական դիրքերից մեկի թիկունք:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ սեպտեմբերի 13-ի կեսգիշերից ադրբեջանական զինուժը հրետանու և անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ գնդակոծում է Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերը: Ըստ ՀՀ ԱԽ հայտարարության՝ ագրեսիայի հետևանքով զոհվածների և անհետ կորածների թիվը հասնում է 207-ի, այդ թվում՝ զոհվել է քաղաքացիական 3 անձ, 2 քաղաքացիական անձի գտնվելու վայրը համարվում է անհայտ, վիրավորվել է 293 զինծառայող, 3 քաղաքացիական անձ, գերեվարվել է 20 զինծառայող: