Իրանը մեծ նշանակություն է տալիս հարևան պետությունների անվտանգությանը և նրանց կայունությունն ու անվտանգությունը սեփական բարեկեցությունն է համարում։ Այս մասին հայտնում է IRNA գործակալությունը՝ հղում անելով Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ռազմածովային ուժերի հրամանատար Ալիռեզա Թանգսիրիին։
«Մենք զգուշացնում ենք յուրաքանչյուր երկրի, որը հող է նախապատրաստում տարածաշրջանում ամբարտավան ուժերի միջամտության և ներկայության համար կամ նրանց ռազմակայաններ է տրամադրում, որ նրանք ամենաբարձր գինը կվճարեն սադրիչ և անբարյացակամ վերաբերմունքի համար և անկայունություն կառաջացնեն տարածաշրջանում»,- ասել է Թանգսիրին։
Նա ընդգծել է, որ Իրանը եղբայրական հարաբերություններ ունի Պարսից ծոցի տարածաշրջանի հարևան երկրների հետ․ «Իրանը ծրագրում է բարեկամական հարաբերություններ պահպանել տարածաշրջանի բոլոր երկրների հետ՝ իսլամական միասականության հիման վրա»։
Նրա խոսքով՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմածովային ուժերը «շատ զգայուն են թշնամիների սպառնալիքների և ապստամբությունների նկատմամբ»: Նա նաև նշել է, որ ռազմական ուժերը չեն վարանի պատասխանել ցանկացած սպառնալիքի, քանի որ հանրապետության տարածքային ամբողջականության և անկախության պահպանումը մեծ նշանակություն ունի։






































