Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործընթացի շրջանակներում Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը, ինչպես նաև նրա ընտանիքի անդամներն ու նաև նրանց հետ փոխկապակցված երկու անձինք հրավիրվել են ՀՀ Գլխավոր դատախազություն։
Տեղեկությունը Armenia Today-ի հետ զրույցում հաստատեց Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։
Ըստ Աբրահամյանի՝ Խաչատրյանների հետ կապված ուսումնասիրություններն ավարտվել են, ինչի մասին սահմանված կարգով և պատշաճ ձևով ծանուցել են վերջիններիս՝ իրենց վերաբերող վարույթի նյութերին ծանոթանալու և դիրքորոշում հայտնելու կապակցությամբ։
«Որպես հայցի նախնական ապահովման միջոց՝ դատախազությունը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նրանց գույքի նկատմամբ արգելանք կիրառելու նպատակով, ինչը բավարարվել է»,- նշեց Աբրահամյանը։
Նշենք, որ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման ուսումնասիրությունների գործընթացն օրենքով սահմանված կարգով հնարավոր ամենասեղմ ժամկետում կազմակերպելու և դրանց անխոչընդոտ իրականացումն ապահովելու նպատակով դեռևս 2020թ. օգոստոսին ՀՀ գլխավոր դատախազի տված հանձնարարության համաձայն դատախազության կառուցվածքային ստորաբաժանումների կողմից առանձնացվել էին այն քրեական գործերը, որոնց շրջանակներում կարող է լինել ապօրինի ծագում ունեցող գույքի առկայության վերաբերյալ կասկած:
Առանձնացված բոլոր գործերի վերաբերելի նյութերն ուղարկվել են ՀՀ դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն: