Ազգային ժողովի աշխատակազմը ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) հետ կնքված ֆինանսավորման համաձայնագրով պարտավորվել է կառույցին հատկացնել 240,6 մլն դրամ (շուրջ 630 000 դոլար), գրել է «Ժողովուրդ» օրաթերթը՝ հղում անելով իր հետաքննությանը։
Ըստ թերթի՝ ԱԺ աշխատակազմի ղեկավար Դավիթ Առաքելյանին ուղղված հարցման պատասխանից պարզ է դարձել, որ փոխանցումների համար հիմք է հանդիսանում 2024 թվականի մայիսի 7-ին կնքված «Խթանելով ՀՀ ԱԺ արձագանքման կարողությունները, արդյունավետությունը, թափանցիկությունն ու ներառականությունը» ծրագրի համաձայնագիրը։
Ծրագրի բյուջեն՝ շուրջ 3,19 մլն դոլար, նախատեսված է 2024-2027 թվականների համար և իրականացվում է Հայաստանի, Շվեդիայի և Նորվեգիայի կառավարությունների համաֆինանսավորմամբ։
Ըստ համաձայնագրի՝ նախատեսված է երկու փուլով փոխանցում (2025 թ. դեկտեմբերի 25-ին՝ 120,3 մլն դրամ և 2026 թ. դեկտեմբերի 25-ին՝ 120,3 մլն դրամ)։ 2026 թվականի ապրիլի 30-ին արդեն իսկ փոխանցվել է 114 մլն 765 000 դրամ։
ՄԱԶԾ նկարագրության համաձայն՝ նախատեսվում է հանրային իրազեկվածության ցուցանիշի առնվազն 7% աճ, պատգամավորների ու աշխատակազմի կեսի վերապատրաստում և քաղհասարակության մասնակցությամբ առնվազն 10 քաղաքականության մշակում կամ վերանայում։
Թերթը նկատում է, որ բյուջետային փաստաթղթերում բացակայում է մանրամասն ֆինանսական բաշխումը, հստակեցված չէ, թե 240,6 մլն դրամից որքա՞նն է ուղղվում խորհրդատվությանը, վերապատրաստումներին, փորձագիտական աշխատանքներին կամ վարչական ծախսերին։






































