Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) մասնակցությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտությանն անհնար էր, քանի որ նույնիսկ Հայաստանը չէր ճանաչում այդ տարածքը, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։
«Կար մի պատմություն Հայաստանի հետ, որը, կարծես, ասում էր. «Եկեք օգտագործենք ՀԱՊԿ մեխանիզմը»։ Բայց իրականում՝ ո՞ւմ և ինչի՞ հետ կապված։ Լեռնային Ղարաբաղի տարածքը, որը Հայաստանն ինքը, ցավոք կամ բարեբախտաբար՝ սա իմ հարցը չէ, սա նրանց է ուղղված, Երևանին՝ չէր ճանաչում ո՛չ որպես իրենը, ո՛չ էլ անկախ»,- ասել է նա Գվարդեյսկի երիտասարդական ֆորումում։
Դիվանագետն ընդգծել է, որ ՀԱՊԿ մեխանիզմը չէր կարող ակտիվացվել նման պայմաններում։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2024 թվականի ապրիլի հայտարարել էր ՀԱՊԿ-ում մասնակցությունը սառեցնելու մասին։ Կազմակերպության նկատմամբ վերաբերմունքը փոխելու պայման Փաշինյանը նշել էր Բելառուսի դուրս գալը ՀԱՊԿ-ից, ինչպես նաև Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի ներողությունը՝ 2020 թվականի պատերազմի ընթացքում Բաքվին աջակցող խոսքերի համար։ Փաշինյանը հունիսի 13-ին խորհրդարանում ասել էր, որ Երևանի հաջորդ «տրամաբանական քայլը» կլինի կազմակերպությունից դուրս գալը։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստանի ներկայիս վերաբերմունքը ՀԱՊԿ-ի նկատմամբ կապել էր Երևանի ներքաղաքական խնդիրների հետ և նշել, որ այս հարցում ոչ վերջին դերն է ունեցել Լեռնային Ղարաբաղի թեման։






































