«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ից տարածած ուղերձում զգուշացրել է նախկին տնտեսական կապերը խզելու վտանգների մասին։
Գործարարի գնահատմամբ՝ ավանդական շուկաներից Հայաստանի դուրս գալուց անմիջապես հետո այդ դիրքերն ակտիվորեն զբաղեցնում է Ադրբեջանը։
«Նոր շուկա պետք է մտնել հանդարտ, գրագետ, համբերատար՝ առանց նախկինը քանդելու, առանց նախկին տնտեսական կապերն ավերելու։ Հիմա մենք անում ենք լրիվ հակառակը»,- նշել է նա։
Ծառուկյանի խոսքով՝ արտահանման շուկաներն անհնար է ամբողջությամբ փոխել կարճ ժամանակահատվածում։ Նա ընդգծել է արտահանման ուղղությունների ընդլայնման անհրաժեշտությունը դեպի Եվրոպա, արաբական երկրներ, ԱՄՆ և այլ ուղղություններով, սակայն զգուշացրել է, որ ավանդական շուկաները կորցնելուց հետո Հայաստանին չափազանց դժվար, իսկ որոշ դեպքերում՝ անհնար կլինի վերականգնել նախկին դիրքերը։
Քաղաքական գործիչն անդրադարձել է նաև տարբեր ոլորտների գործարարների առջև ծառացած լուրջ խնդիրներին՝ հավելելով, որ բիզնեսներն ու աշխատատեղերն ստեղծվում են տարիների ընթացքում, սակայն կարող են քանդվել ընդամենը մի քանի շաբաթում։
Բացի այդ, Ծառուկյանը դիմել է իրեն պատկանող ձեռնարկությունների աշխատակիցներին, որոնք զրկվել են բնականոն աշխատանքի հնարավորությունից և վստահություն հայտնել, որ արդարությունը կվերականգնվի, ու մարդիկ կկարողանան վերադառնալ իրենց աշխատանքին։ Նա անընդունելի է համարել տնտեսական ծանր վիճակում գտնվող երկրում գործող ձեռնարկությունների աշխատանքի խոչընդոտումը։
Ուղերձի եզրափակիչ հատվածում Ծառուկյանը կոչ է արել ներքին համերաշխություն և վերկուսակցական համագործակցություն ապահովել։ Նրա գնահատմամբ՝ արտաքին քաղաքական և տնտեսական ռիսկերի պայմաններում որևէ քաղաքական ուժ միայնակ ի վիճակի չէ լուծել երկրի առջև ծառացած խնդիրները, և անհրաժեշտ է օգտագործել Հայաստանի ու Սփյուռքի մասնագետների ամբողջ ներուժը։
Ծառուկյանն իր ուղերձը եզրափակել է Հայաստանի և Սփյուռքի մասնագետների ներուժն օգտագործելու կոչով՝ նշելով, որ որևէ քաղաքական ուժ միայնակ ի վիճակի չէ լուծել երկրի առջև ծառացած մարտահրավերները։
Քաղաքական գործիչն իր կոչը հնչեցրել է ԱԺ ընտրություններից հետո իրավապահների ուշադրության կենտրոնում հայտնվելու, իր գործարաններում ստուգումների և այդ գործարանների աշխատակիցների բողոքի ակցիաների ֆոնին։ Քաղաքական գործչի նկատմամբ քրեական հետապնդումներն սկսվել էին Ազգային ժողովի ընտրություններից հետո։ Մինչ այդ՝ նախընտրական շրջանում, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ միլիարդատեր քաղաքական գործիչները պետք է սնանկանան՝ նկատի ունենալով նաև Ծառուկյանին։
Հուլիսի 6-ի առավոտյան Ծառուկյանի տանը, ինչպես նաև նրա հետ կապվող ավելի քան 70 ընկերությունում իրականացված խուզարկություններից հետո նրան ձերբակալել էին։ Հուլիսի 7-ին դատարանը կալանավորել էր քաղաքական գործչին։ Ծառուկյանը մեղադրվում է ենթադրյալ խոշոր չափերով խարդախության, ապօրինի որսի մեջ։
Նրան պատկանող տասնյակ ընկերություններ շարունակում են կապարակնքված մնալ, ինչը հարուցել է աշխատակիցների դժգոհությունը և բողոքի ակցիաների պատճառ դարձել։



































