Բաբ էլ-Մանդեբի նեղուցով բեռներ տեղափոխող նավերի երթևեկությունը հուլիսի 26-ին նվազել է վերջին ամիսների նվազագույն մակարդակին՝ հութիների՝ Սաուդյան Արաբիայի նավթային օբյեկտների վրա հարձակումից հետո, հայտնում է Reuters-ը՝ հղում անելով Kpler վերլուծական ընկերության տվյալներին։
Բաբ էլ-Մանդեբի նեղուցով հուլիսի 26-ին անցել է ընդամենը 11 բեռնատար նավ, որոնցից 7-ը նավթատարներ է։ Երեք նավթատար մտել է Կարմիր ծով․ դրանցից երկու գերխոշոր նավթատար ուղևորվել է Յանբու նավահանգիստ՝ նավթ բեռնելու, երրորդը կապված է Ռուսաստանի հետ։
Կարմիր ծովից դուրս եկած 4 նավի թվում է Հոնկոնգի դրոշով New Explorer գերխոշոր նավթատարը, որը 2 մլն բարել սաուդյան և էմիրաթական նավթ է տեղափոխել Չինաստանի Նինբո նավահանգիստ։ Մեկ այլ նավ Չինաստան է տեղափոխել 1 մլն բարել ռուսական նավթ, իսկ երրորդը՝ շուրջ 750 000 բարել սաուդյան նավթ Պակիստանի համար։ Հոնկոնգի դրոշով New Pearl նավթատարը ևս 2 մլն բարել սաուդյան նավթով շարժվել է դեպի Չինաստանի Չժոուշան նավահանգիստ։
Հութիների ռազմական ներկայացուցիչ Յահյա Սարին հայտարարել է, որ խմբավորումը հուլիսի 25-ին հարվածել էր Սաուդյան Արաբիայի պետական Saudi Aramco ընկերության օբյեկտներին Ջիզան և Յանբու քաղաքներում։ Reuters-ը հաստատել է Ջիզանի նավթավերամշակման գործարանի ուղղությամբ բարձրացող ծխի տեսանյութի իսկությունը։ Գործարանի օրական հզորությունը կազմում է մինչև 400 000 բարել։
Գործակալության երկու առևտրային աղբյուր հայտնել է Ջիզանում վառելիքի և նավթի պահեստարաններին հնարավոր վնասի մասին։ Saudi Aramco-ն մեկնաբանությամբ հանդես չի եկել։ Յանբուում նավթային օբյեկտների ուղղությամբ արձակված երկու հրթիռ խոցվել է։
Հութիները հայտարարել են Սաուդյան Արաբիայի ծովային շրջափակման մասին, իսկ խմբավորման առաջնորդ Աբդուլ Մալիք ալ-Հութին զգուշացրել էր, որ սաուդյան բոլոր նավթային օբյեկտները կարող են թիրախ դառնալ։
Հուլիսի 20-ին Սաուդյան Արաբիայի ԱԳՆ-ն մերժել էր հութիների՝ Եմենը շրջափակման մեջ պահելու մեղադրանքները և դատապարտել երկրի նկատմամբ ծովային շրջափակում հայտարարելու փորձը։ Գերատեսչությունը հայտնել էր, որ 2026 թվականի առաջին կեսին Եմենի հյուսիսային նավահանգիստներ էր մուտք գործել սննդամթերք, վառելիք և շինանյութ տեղափոխող ավելի քան 300 նավ։ Էր Ռիադը նաև հայտարարել էր, որ միջազգային իրավունքի համաձայն՝ անհրաժեշտ միջոցներ կձեռնարկի իր նավերը պաշտպանելու համար։
Սաուդյան Արաբիայի աջակցությունը վայելող՝ Եմենի միջազգայնորեն ճանաչված կառավարության ռազմաօդային ուժերը հարվածել են հութիների օբյեկտներին Մարիբ և Ալ Ջաուֆ նահանգներում։ Reuters-ի աղբյուրների տվյալներով՝ Եմենի հակամարտության երկու կողմն էլ ուժեր է կենտրոնացնում շփման գծի երկայնքով։
Kpler-ի տվյալներով՝ հանգստյան օրերին Հորմուզի նեղուցով օրական անցել է տասից պակաս բեռնատար նավ։ Հուլիսի 26-ին նեղուցն անցել է 7 նավ, 25-ին՝ 3, իսկ 24-ին՝ 7։ Կարմիր ծովում և Հորմուզի նեղուցում նավագնացության խաթարման հետևանքով Մերձավոր Արևելքում, Եվրոպայում և Աֆրիկայում նավթի գները նախորդ շաբաթ հասել էին երկու ամսվա առավելագույնին։
Bloomberg-ի տվյալներով՝ Հորմուզի նեղուցով նավագնացության ծավալները նվազել էին մինչև պատմական նվազագույնի։ Kpler-ի տվյալներով՝ հուլիսի 4-ին նեղուցը երկու ուղղությամբ հատել էր 19 նավ։
Մարտի 28-ին Եմենի «Անսար Ալլահ» շարժման հութիները բալիստիկ հրթիռներով հարվածել էին Իսրայելի ռազմական օբյեկտներին՝ հայտարարելով, որ գործողությունն իրականացրել են Իրանի և լիբանանյան «Հեզբոլլահ» շարժման գործողություններին համահունչ։ Հութիները նշել էին, որ հարձակումները կշարունակեն մինչև Իրանի և նրա դաշնակիցների դեմ ռազմական գործողությունների դադարեցումը։

































