«Անկախ պետությունների համագործակցության 2026 թվականի երիտասարդական մայրաքաղաք» տիտղոսը ստանձնած Սյունիքի մարզկենտրոն Կապանում ԱՊՀ անդամ պետությունների երիտասարդները հուլիսի 24-ին մասնակցել են «Երիտասարդության դերն ԱՊՀ երկրների միջև համագործակցության ամրապնդման գործում» թեմայով համաժողովին, հայտնում է ԿԳՄՍ նախարարությունը:
Նշվում է, որ երիտասարդները քննարկել են հետևյալ հարցերը՝ առողջ ապրելակերպ, կամավորություն, որոշումների կայացման գործընթացում երիտասարդների մասնակցություն և միջազգային համագործակցություն։
Համաժողովի աշխատանքներն ընթացել են թեմատիկ ուղղություններով. ձևավորվել են 4 աշխատանքային խմբեր՝ յուրաքանչյուրում 20-25 մասնակից:
Թեմատիկ նիստերի ընթացքում համաժողովի մասնակիցները քննարկել են «Առողջ ապրելակերպ», «Կամավորություն», «Երիտասարդների մասնակցությունը որոշումների կայացման գործընթացներին՝ մեխանիզմներ և գործիքներ», «Միջազգային համագործակցության հնարավորություններն ու հեռանկարները ԱՊՀ շրջանակներում» թեմաները: ԱՊՀ պատվիրակությունների երիտասարդները ներկայացրել են իրենց երկրների փորձը, անդրադարձել մարտահրավերներին և դրանց լուծման հնարավոր ուղիներին:
ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ, ԱՊՀ անդամ պետությունների երիտասարդության հարցերով խորհրդի նախագահ Արթուր Մարտիրոսյանր վստահություն է հայտնել, որ գեներացված գաղափարները, նախաձեռնություններն ու անկեղծ երկխոսությունը կնպաստեն նոր գործընկերությունների և համատեղ նախագծերի իրականացմանը։
Համաժողովին մասնակցել են ԱՊՀ անդամ պետությունների և Հայաստանի երիտասարդական և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։
Կապանում անցկացվել է նաև ԱՊՀ անդամ պետությունների երիտասարդության հարցերով խորհրդի նիստը:
Նիստին մասնակցել են խորհրդի անդամներ Ռուսաստանից, Բելառուսից, Ուզբեկստանից, Ղրղզստանից և Ղազախստանից:
2023 թվականի հունիսին Սոչիում կայացած ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստում որոշվել էր, որ 2026 թվականին Կապանը կլինի ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաքը։ 2025 թվականի հոկտեմբերին ԿԳՄՍ նախարարությունը հայտարարել էր «ԱՊՀ 2026 թվականի երիտասարդական մայրաքաղաք» ծրագրի մեկնարկի մասին։





































