Հայաստանում հուլիսի 22-ին շրջանառության մեջ է դրվել փոստային նամականիշ՝ նվիրված ականավոր հայ ֆուտբոլիստ և մարզիչ Նիկիտա Սիմոնյանի ծննդյան 100-ամյակին, հայտնել է «Հայփոստը»։
380 դրամ անվանական արժեքով նամականիշի վրա պատկերված է Սիմոնյանը՝ «Արարատ» ֆուտբոլային թիմի լուսանկարի ֆոնին։ Զետեղված են «100-ամյակ» և «Նիկիտա (Մկրտիչի) Սիմոնյան» գրությունները՝ հայերեն և անգլերեն լեզուներով։
Նամականիշի դիզայնը մշակել է Վահագն Մկրտչյանը։ Այն տպագրվել է բելգիական bpost Philately & Stamps Printing տպարանում՝ 10 000 օրինակ տպաքանակով։ Նամականիշի չափսն է 40x40 մմ, մեկ թերթի վրա տեղադրված է 8 նամականիշ։
Սիմոնյանը մահացել էր 2025 թվականի նոյեմբերի 23-ին՝ կյանքի 100-րդ տարում։ Նա համարվում է մոսկովյան «Սպարտակի» պատմության լավագույն ռմբարկուն՝ խփելով 160 գոլ, ինչպես նաև ԽՍՀՄ առաջնություններում ակումբի լավագույն ռմբարկուն՝ 133 գոլով։ ԽՍՀՄ հավաքականի կազմում Սիմոնյանը դարձել է 1956 թվականի Մելբուռնի օլիմպիական խաղերի չեմպիոն։
1973-1974 և 1984-1985 թվականներին Սիմոնյանը գլխավորել է Երևանի «Արարատը»։ Նրա գլխավորությամբ ակումբը 1973 թվականին դարձել է ԽՍՀՄ չեմպիոն և ԽՍՀՄ գավաթակիր։
Ապագա ֆուտբոլիստը ծնվել է 1926 թվականի հոկտեմբերի 12-ին՝ Արմավիրում։ 1930-ական թվականներին նրա ընտանիքը տեղափոխվել էր Աբխազիա, որտեղ անցել էին նրա պատանեկան տարիները։ Ծնվելիս նա ստացել էր Մկրտիչ անունը, սակայն մանկուց հայտնի էր որպես Նիկիտա։






































