ԽՍՀՄ հավաքականի, Մոսկվայի «Սպարտակի» նախկին ֆուտբոլիստ և «Արարարատ-73»-ի նախկին գլխավոր մարզիչ Նիկիտա Սիմոնյանը դարձել է ամենատարեց Օլիմպիական չեմպիոնը, որը ողջ է և շարունակում է ապրել, հայտնում է Championat.com-ը:
Նոյեմբերի 4-ին հաղորդվել էր Ֆրանսիացի հեծանվորդ և Օլիմպիական չեմպիոն Շառլ Կոստայի մահվան մասին, նա 102 տարեկան էր:
Սիմոնյանը հոկտեմբերին դարձել է 99 տարեկան: Հայկական ծագմամբ հայտնի խորհրդային ֆուտբոլիստը հաղթել է 1956 թվականի Մելբուռնի Օլիմպիական խաղերում: Իր կարիերայի ընթացքում Սիմոնյանը հանդես է եկել Սուխումի «Դինամո», Մոսկվայի «Կռիլյա Սովետով» և Մոսկվայի «Սպարտակ» թիմերում, թոշակի է անցել 1959 թվականին:
Սիմոնյանը ԽՍՀՄ հավաքականի կազմում անցկացրել է 19 խաղ՝ խփելով 10 գոլ, այդ թվում՝ 1958 թվականի աշխարհի առաջնությունում Անգլիայի (2-2) դեմ խաղում խփած գոլը: Սիմոնյանը համարվում է Մոսկվայի «Սպարտակ»-ի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուն՝ 160 գոլով, ինչպես նաև թիմի լավագույն ռմբարկուն է ազգային առաջնության խաղերում՝ 133 գոլով: 1973-1974 և 1984-1985 թվականներին նա մարզել է Երևանի «Արարատ» ակումբը, իսկ 1973 թվականին նրա ղեկավարությամբ թիմը դարձել է ԽՍՀՄ չեմպիոն և նվաճել ԽՍՀՄ գավաթը։
Լեգենդար ֆուտբոլիստը ծնվել է 1926 թվականի հոկտեմբերի 12-ին՝ Արմավիրում։ 1930-ականներին նրա ընտանիքը տեղափոխվել է Աբխազիա, որտեղ էլ Սիմոնյանն անցկացրել է իր երիտասարդությունը։ Ծննդյան պահին նրան տվել են Մկրտիչ անունը, բայց բակում ընկերները նրան Նիկիտա են կոչել, այդ անունով էլ նա հետագայում հայտնի է դարձել։






































